Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային որոշ հատվածներ․ ՊՆ

Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային այն հատվածներ, որոնց ուղղությամբ տեղի են ունեցել ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուղևորություններից հիշյալ տարածքներ, որտեղ, ՀՀ ԶՈՒ կողմից շուրջօրյա ռեժիմով իրականացվում է մարտական ծառայություն։

Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության դեպքում ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժային տարբերակով։ Այս պարագայում քաղաքացիական անձանց ներկայությունը կարող է միայն խանգարել հայկական ստորաբաժանումներին՝ լիարժեք կատարել իրենց առջև խնդիրները։

Տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ուժերին հրահանգված է բացառել քաղաքացիական անձանց մուտքը հիշյալ տարածքներ։

Կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին և անհարկի խնդիրներ չառաջացնել զինված ուժերի համար»,- ասված է հայտարարության մեջ։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջական սահմանին՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայտնի հատվածներում փոփոխություն չի կրել այն առումով, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված, այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ մնում են ՀՀ տարածքում՝ մոտ 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում։

«Մեր ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը հետևյալն է․ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը։ Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն մաքսիմալն անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար և հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը։ Այս առումով կարող ենք արձանագրել, որ հսկայական դիվանագիտական աշխատանք է արվել և արվում, և դրա կարևոր վկայություններից է այն, որ այսօր կառավարության նիստում ԱԳ նախարարության տեղը թափուր է և ԱԳ մեր գործընկերները հենց այս պահին օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով։ Այս պահի դրության դիվանագիտական աշխատանքը համարում եմ արդյունավետ»,-ասաց Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել