Ֆրանսիան ցանկանում է, որ խնդիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով լուծվի

Մայիսի 13-ին Հանրապետության Նախագահը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացողզարգացումների առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն ՆիկոլՓաշինյանի հետ։ Հանրապետության Նախագահը հիշեցրել է այն կարևորությունը, որ Ֆրանսիան տալիս է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրս բերման անհրաժեշտությունը։ Այս մասին նշվում է Ֆրանսիայի նախագահականի մամուլի հաղորդագրության մեջ։

«Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին `այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի հետ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում ադրբեջանական զորամիավորումների կողմից ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված:

Ավելին վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ պաշտպանության նախարար պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը:

«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն Կոլեկտիվ անվտանգության Պայմանագրով ու ՀԱՊԿ Կանոնադրությամբ նախատեսված քայլեր», – ասվում է կազմակերպության հաղորդագրությունում:

Մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել