Քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ից. Ընտրողը քվեաթերթիկի վրա այլևս նշում չի անելու

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ մայիսի 11-ին, որոշումներ կայացրեց, որոնք վերաբերում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Այսպիսով, դուրս են գալիս տարածքային ցուցակները, գործելու է փակ ցուցակներով պարզ համամասնական ընտրակարգը:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հիշեցրեց, որ ըստ էության Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ԿԸՀ-ին առաջարկվում է փոփոխել խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկի ձևը:

«Քանի որ ընտրություններն իրականացվելու են զուտ համամասնական ընտրակարգով, քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված, չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու: ԿԸՀ-ն ընդունում է այն որոշումը, որով փոխվում է քվեաթերթիկի նմուշը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա ոչ մի նշում այսուհետ չի կատարվելու»,- ասաց Սմբատյանը :

Ընտրողն իր ընտրությունը կատարելու է հետևյալ կերպ՝ ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնելու է ծրարի մեջ:

ՀՀ ԿԸՀ 2016 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ԿԸՀ որոշման նախագիծը քվեարկությամբ ընդունվեց:

Ընտրատեղամասերի կազմավորումը տեղի կունենա մինչև մայիսի 26-ը, կուսակցություններն ու դաշիքնները իրենփ փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը ժամը 18.00-ն: Նրանց գրանցումը կատարվելու է մինչև մայիսի 31-ը: Ընտրողների ցուցակները ընտրական տեղամասերում փակցվելու են մայիսի 31-ին: Նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը՝ 24.00-ն:

Կուսակցություններ և դաշիքնների համար ինքնաբացարկների ժամկետ է սահմանվել մինչեւ հունիսի 10-ը, ժամը 18.00-ն:

Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 1-ին եւ կավարտվի հունիսի 13-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել