Սերժ Սարգսյանը պարզաբանում է, թե որ փուլում էր ԼՂ-ի բանակցային գործընթացը և ինչ հարցեր կային օրակարգում

«Արմեն Սարգսյանը չկարողացավ իրեն դրսևորել, որովհետև կարծում եմ գտնվում է շատ նսեմացված վիճակում, նրան փորձեցին ենթարկեցնել և ստացվեց։ Շատ ափսոսում եմ և շատ ամոթ է»,-այս մասին 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանն ունի բոլոր լիազորությունները, անդրադառնալով՝ այն դեպքին, երբ նախագահը չստորագրեց Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, Սերժ Սարգսյանն ասաց․ «Դու քո անձն ես պաշտպանում, որ հետո ասես՝ տեսեք ես չստորագրեցի։ Բա լավ, հարց է առաջանում՝ եթե համարում ես, որ չստորագրելու է, ինչո՞ւ չես ուղարկում սահմնադրական դատարան»։

«Շատերն ասում են, որ սորոսականներն են այս հեղափոխությունը կատարել, բայց ոչ։ Այո՛, նրանք աջակցել են, բայց այս հեղափոխության կոչվածին շատ ավելի հզոր ուժեր են աջակցել, որոնք տիրապետում են տեխնոլոգիաների, ռեսուրսների, և դրանք օգտագործել են, ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի բազմաթիվ երկրներում»,-ասաց 3-րդ նախագահը։

Նախագահի խոսքով՝ իրենք առաջիններից մեկն են եղել, որ մտավախություն են հայտնել իշխող իշխանությունների վարած քաղաքականությանը Արցախյան հարցով։

«Մեկ ասում էր Ղարաբաղի հարցը հրապարակում պետք է լուծվի, մեկ ասում էր՝ ես չգիտեմ մեր ժողովուրդն ինչ է ուզում Ղարաբաղի հարցով, մեկ ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Անհասկանալի ինչ-որ բան, և ամեն անգամ մենք արձագանքում էինք։ Արձագանքեցինք, երբ սրանք սկսեցին հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ իրենք ցանկանում էին, որ Ղարաբաղյան հարցը լուծվեր խաղաղ ճանապարհով, ուզում էինք, որպեսզի ԼՂ-ի կարգավիճակի հարցը, ազատ կամաարտահայտությամբ, լուծեին Ղարաբաղի բնակիչները։

«Մենք պատրաստ էինք նաև զիջումների։ Մեզ համար շատ կարևոր էր, որ միջազգային հանրությունը, շատ բարձր մակարդակով ամրագրեր ԼՂ-ի ժողովրդի այդ իրավունքը, իսկ դա ենթադրում էր միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ի համար։ Ժողովուրդը, որպեսզի կարողանա ճիշտ պատկերացում կազմել պետք չէ հետևել սրանց ասածներին։ 2 անգամ Ալիևն իր բերանով այս մասին ասել է, մեկ անգամ՝ 2016 թվականին, երբ ասաց, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի այդ իրավունքը, և 2 անգամ՝ պատերազմից հետո, երբ եկել էր Քաշաթաղի շրջան, հայտատարեց, որ սա և Քարվաճառի շրջանները պետք է մնային հայերին»,-նշեց նախագահը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է ստանար 5 շրջան, Քարվաճառն ու Լաչինը պետք է մնային հայկական կողմին, մինչև Արցախի կարգավիճակը, իսկ Շուշիի մասին առհասարակ խոսք չի եղել։

«Ես ինձ մեղավոր եմ համարում, որ նրանք եկան իշխանության»,-ասաց 3-րդ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել