Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են երկու երկրների համատեղ քայլերը՝ վերջին գործընթացների ֆոնին:
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները դատապարտել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։
Նշելով, որ այս որոշումը սխալ է, Ալիևը այն «պատմական սխալ» է որակել: Նա ասել է, որ Ադրբեջանն անընդունելի է համարում այս հայտարարությունը:
Ալիևը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ադրբեջանը միշտ եղել է Թուրքիայի կողքին:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Իլհամ Ալիևին աջակցության և արտահայտած դիրքորոշման համար: Նա նաև նշել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին:
Պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:
Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: