Հայ-ռուսական միացյալ զորախումբը պետք է դառնա մեր անվտանգության ապահովման ամենակարևոր և արդյունավետ գործիքը․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում հայտնել է, որ Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար Հայաստանը պետք է խորացնենք իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։

«Դուք գիտեք, որ Հայաստանում կա հայ-ռուսական միացյալ զորախումբ, և մենք պետք է զարգացնենք հայ-ռուսական միացյալ զորախմբի կարողությունները, ձևակերպենք այդ զորախմբի խնդիրները, որպեսզի այն դառնա մեր անվտանգության ապահովման ամենակարևոր և արդյունավետ գործիքը»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ մեր երկարաժամկետ ծրագիրը պետք է լինի ոչ թե պատերազմը, այլ խաղաղությունը, և որ Հայաստանը այլ հայացքով, այլ տեսանկյունից և այլ դիտակետից պիտի նայի տարածաշրջանին։

«Մեր կանխավարկածը և պատմությունն այն է, որ մենք տարածաշրջանում ունենք բազմաթիվ թշնամիներ։ Բայց եթե մենք տարածաշրջանում ունենք բազմաթիվ թշնամիներ, դա նշանակում է, որ բազմաթիվ ուրիշները մեզ համարում են իրենց թշնամին։ Ինչքան իրենք են մեզ համարում թշնամի, այդքան մենք ենք իրենց համարում թշնամի։ Եվ այս փոխադարձ թշնամանքի դոզայի մեծացումը բերում է ճգնաժամի։ Այո, մենք պետք է կարողանանք վերանայել տարածաշրջանը, տարածաշրջանի մեր գնահատականը, մեր դիրքը, մեր կեցվածքը տարածաշրջանում, իհարկե, նաև քաջալերելով և ամեն ինչ անելով, որ ուրիշները նույնպես այդպես վարվեն, որովհետև եթե միայն մենք այդպես վարվենք, մենք դրանից ոչ մի բան չենք շահի։ Պետք է կարողանանք հասնել նրան, որ ընդհանուր առմամբ, տարածաշրջանում մթնոլորտի փոփոխություն տեղի ունենա։ Եվ մենք այս տարածաշրջանում ապրել ենք հազարամյակներով և ապրելու ենք հազարամյակներով։ Եվ այս տարածաշրջանում մեր հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, պետք է շենացնենք»,- ասել է նա։

Նրա խոսքով՝  մենք շատ-շատ երազանքներ ենք ունեցել և շարունակում ենք ունենալ, բայց մեր երազանքները պետք է մոտեցնենք մեր իրականությանը։

«Մեր ոտքի տակ գտնվող ամեն քառակուսի մետրը պետք է մեր երազանքների օբյեկտը լինի, ովոհետև եկեք տեսնենք, թե 30 տարվա ընթացքում ինչպես ենք մեր երազանքներն իրականություն դարձրել։ Ցավոք սրտի, մեր երազանքները իրականություն չենք դարձրել, որովհետև մեր երազանաները իրականության հետ քիչ են կապ ունեցել։ Եվ ես խնդրում եմ, եկեք մեր երազանքները կապենք իրականության հետ, այս երեխաների հետ, ոչ թե վաղվա օրվա հետ, տասը տարվա հետ։ Մեր երազանքների օբյեկտը պետք է մեր երեխաները լինեն, ովքեր պետք է ստանան լավ կրթություն, ովքեր պետք է ապրեն արդար երկրում, ովքեր պետք է պաշտպանված լինեն, և ովքեր պետք է իմանան, որ ունեն բոլորի նման հավասար հնարավորություններ։ Կապ չունի իրենք պաշտոնյայի ընտանիքից են, օլիգարխի, թե շարքային քաղաքացու։ Իրենք պետք է իմանան, որ ունեն հավասար հնարավորություններ, իսկ դրա համար պետք է ստանան կրթություն»,- նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել