Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին

Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։

Այս մասին հայտնում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը ունի առավելապես դրական և արդարադատություն իրականացնող դատավորի համբավ: Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը մակագրվել է հենց դատավոր Պետրոսյանին:

Ինչպես միշտ իշխանությունները զգալով, որ կարող են ստանալ ոչ իրենց հաճելի դատական ակտ, իսկ տվյալ դեպքում դա հայցի ապահովման բավարարմամբ Օնիկ Գասպարյանի կողմից ԳՇ պետի պարտականությունները կատարելուն ՎԵՐԱԴԱՌՆԱԼՆ Է, ըստ մամուլում հրապարակված տեղեկության` որոշել են ամեն կերպ ճնշել դատավորին: Երևի այս կոնտեքստում է նաև ասվում իշխանական պատգամավորի կողմից` «վերցնել դատարանները»:

Տեղեկացնեմ նաև, որ այն հիմնավորումները որոնք հասանելի էին հանրությանը ԳՇ պետի հակասահմանադրական ազատման վերաբերյալ, լրիվությամբ բավարար են Վարչական դատարանի կողմից` հայցի ապահովում կիրառելու համար»,-նշել է Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Օնիկ Գասպարյանն ուղերձ էր հղել՝ նշելով․

«Հարգելի՛ հայրենակիցներ, զինակից ընկերներ,

10․03․2021թ․ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Հանրապետության վարչապետի հայտարարությունը՝ ինձ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։

Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով։

Հարգելի՛ գեներալներ, սպաներ և զինվորներ, Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է, ուստի հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման։

Հարգանքով՝
գեներալ-գնդապետ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել