Կառավարությունը հավանություն է տվել հակասահմանադրական օրենսդրական նախաձեռնությունների․ Տարոն Սիմոնյան

Կառավարությունն այսօր՝ մարտի 11-ին, չզեկուցվող հարցերի շարքում որոշում է ընդունել, մի շարք օրենքներում, այդ թվում՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում, փոփոխություններ կատարելու մասին։

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։

Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանը նախագիծը հակասահմանադրական է համարել՝ նշելով․ «Այս նախաձեռնությունները հակասահմանադրական, հակապետական, հակաազգային են, և եթե Կառավարությունն իր կցորդ «Իմ քայլը» խմբակցությամբ անցկացնի այս օրենսդրական նախաձեռնությունները, ապա այս հարցը պետք է դառնա Սահմանադրական դատարանի քննության առարկա»։

Որոշման համաձայն, ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը, որով սահմանվում են պաշտպանի գործունեության ֆինանսավորումը և սոցիալական երաշխիքները։

Հոդվածի 5-րդ մասում մասնավորապես նշվում է․ «Յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից: Պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով»։

Ուժը կորցրած է ճանաչվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, որում ասվում է․ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, սկսած 2002 թվականից, պետությունը միջոցներ է հատկացնում պետական բյուջեի տարեկան ծախսային մասի երեք տոկոսից ոչ պակաս չափով: Այդ միջոցներն ուղղվում են բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, ինչպես նաև գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը»:

Ուժը կորցրած է ճանաչվել «Կրթության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը, որում ասվում է․ «Պետությունը յուրաքանչյուր նոր ուսումնական տարում երաշխավորում է կրթության կարիքների համար միջոցների հատկացումը` նրա առաջանցիկությունն ապահովող չափաքանակով: Պետական բյուջեի ընթացիկ ծախսերում կրթության ֆինանսավորման տոկոսային հարաբերությունը չպետք է ցածր լինի նախորդ բյուջետային տարվա համապատասխան ցուցանիշից»:

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, Հարկային օրենսգրքում, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է․ «Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքների, մասնավորապես՝ բյուջետային համակարգի միասնականության, բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության, բյուջետային միջոցների հասցեագրվածության և նպատակայնության լիարժեք ապահովման նպատակադրմամբ, և բխում է ՀՀ կառավարության ծրագրով հանրային ֆինանսների կառավարման ոլորտում որդեգրված քաղաքականության պահանջներից:

Այսպես, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 8-րդ համաձայն՝ բյուջետային համակարգի միասնականության սկզբունքը նշանակում է իրավական հիմքի, դրամական համակարգի, բյուջետային փաստաթղթերի ձևերի, բյուջետային դասակարգման, բյուջետային գործընթացի սկզբունքների, բյուջետային օրենսդրության խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցների միասնություն, ինչպես նաև բյուջետային համակարգի բոլոր մակարդակների բյուջեների ելքերի ֆինանսավորման և բյուջեների միջոցների բյուջետային հաշվառման վարման միասնական կարգ:

Բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության սկզբունքը նշանակում է, որ բյուջեների կազմման և կատարման ժամանակ պետք է ելնել նախատեսված արդյունքի բյուջետային միջոցների նվազագույն ծավալի օգտագործմամբ կամ բյուջեով նախատեսված միջոցների ծավալով լավագույն արդյունքի հասնելու անհրաժեշտությունից:

Բյուջետային միջոցների հասցեագրվածության և նպատակայնության սկզբունքը նշանակում է, որ բյուջետային միջոցներն օրենսդրությանը համապատասխան հատկացվում են կոնկրետ ստացողներին` ֆինանսավորման հստակ նպատակների նշվածությամբ»։

Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Սիմոնյանն այս մասին գրում է․

« Կառավարությունը որոշել է «պատժել» Մարդու իրավունքների պաշտպանին լավ աշխատանքի համար և զրկել նրան ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքից՝ հույս ունենալով կախվածության միջոցով վերահսկել ՄԻՊ աշխատանքը։

Արհեստավարժ և նվիրված աշխատանքը Կառավարության համար անընդունելի է։ Երևի, ըստ նրանց, պետք է գործ չանել և լինել մասնագիտորեն չկայացած, որպեսզի Կառավարության աչքին «լավը» լինես։

Վերացվում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքը։

Կառավարությունը որոշել է հարվածել նաև գիտնականներին ու գիտությանը։
Վերացվում է գիտության և գիտատեխնիկական գործունեության զարգացման օրենսդրական երաշխիքը։

Կառավարությունը նպատակադրվել է հարվածել նաև ուսուցիչներին ու կրթությանը։
Վերացվում է կրթության ֆինանսավորման օրենսդրական երաշխիքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել