Այս օրերին Արյունաբանական կենտրոնի առջև դրված էր ծանր պատասխանատվություն. Սամվել Դանիելյան

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը հանդես է եկել ուղերձով․

2020 թվականը չափազանց բարդ տարի էր: Այն հատկապես ծանր էր Արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմի համար՝ covid19 և պատերազմ, 24/7 անդադար ու լարված աշխատանք:

Արյունաբանական կենտրոնն արյուն էր մատակարարում հանրապետության բոլոր բուժհաստատություններին, որտեղ կար արյան կարիք: Այս օրերին Արյունաբանական կենտրոնի առջև դրված էր ծանր պատասխանատվություն. արյան պաշարների բավարար քանակի ապահովում: Հարկ է նշել, որ մեր կամավորների մեծ պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ արյան պաշարների համալրումը: Հավատարիմ մնալով կոչմանը՝ մեր աշխատակիցներն արեցին հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հայրենակիցները ստանան որակյալ բուժօգնություն: Երախտապարտ եմ անձնվեր աշխատանքի համար: Գալիք տարում մաղթում եմ անսպառ ուժ և եռանդ, որպեսզի նույն ոգով շարունակեք ձեր առաքելությունը:

Անկախ ամեն ինչից Նոր Տարին նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում: Այս տարի առավել քան երբևէ յուրաքանչյուրս լցված ենք սպասումներով, հույսով ու հավատով, որ եկող տարին լինելու է խաղաղության, առողջության և ձեռքբերումների տարի: Թող այդ նոր մեկնարկն արդարացնի բոլորիս սպասելիքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել