Ամանորին Բերդավանում արգելվում է ցանկացած տեսակի հրավառություն

Տավուշի մարզի Բերդավան գյուղի ֆեյսբուքյան էջը հայտնում է․

«Սիրելի բերդավանցիներ, ապրում ենք ծանր ու դժվարին օրեր, ամենօրյա պայքար ենք մղում՝ հույսով ու հավատով լցված ապագայի հանդեպ։

Դժվար է չընկրկելը, խուճապի չմատնվելը, բայց մենք գիտենք ցավի գինը ու պայքարի արդյունքը խաղաղ ապագան պետք է լինի։
Այս պահին ու այսուհետ պետք է գիտակցված ապրենք, առաջին հերթին հարգելով մեր նահատակ եղբայրների կորուստը և նրանց հարազատների, բարեկամների հետ վիշտը կիսենք և ապրումակցենք։

Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Բերդավանում այս Նոր տարին լինելու է ամենատխուրը, սակայն ամենաշատ սպասված և հավատով տարեմուտը։

Բերդավանում որևէ տեսակի միջոցառում, զարդարանք և այլ աշխատանքներ նախատեսված չեն որևէ կառույցի կողմից։ Գյուղը ունի կորուստներ, և բոլորս պարտավոր ենք հարգել առաջին հերթին այդ ընտանիքների ցավը։

Կարևոր պահանջ, որը հարկ ենք համարում հայտարարել ամեն դեպքում։ Այս տարի ԱՐԳԵԼՎՈՒՄ է ցանկացած տեսակի հրավառություն գյուղում։ Հույս ունենք ողջամիտ կգտնվենք և կհասկանանք, որ մեկի պատշգամբից երկինք թռչող փայլերը մյուս պատշգամբում կանգնած որդեկորույս ծնողի աչքերի արցունքի արտացոլանքը կարող են դառնալ․․․

Իհարկե, յուրաքանչյուրիդ իրավունքն է որոշել, թե ձեր տանը ինչպես կնշեք Նոր տարին, մանավանդ այն ընտանքիները, ովքեր ունեն երեխաներ, անպայման պետք է հաշվի առնեն երեխաների մանկության անխախտ ընթացքը և ունենան թե՛ տոնածառ, թե՛ զարդարանք, բայց պետք չէ այդ ամենին ավելացնել նաև ճոխ սեղաններ ու ծախսեր։ Եթե պետք է գումար ծախսեք, ապա ծախսեք նպատակին՝ նվեր գնելով կորուստ կրած երեխաների, նրանց ընտանիքների համար, կամ ներդրեք ձեր լուման զինվորների հիմնադրամին։

Ամանորի գիշերը վառեք ձեր տան հավատի մոմը և մեկ մոմ ավել՝ ի հիշատակ մեր զինվորների, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն մեր կյանքի»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել