Այսօր մենք խաչմերուկի առջև ենք կանգնած․ 2021-ը աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխությունների տարի է լինելու․ Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արեւմուտքը ֆանտաստիկ տեխնոլոգիական ճեղքման փուլում է։ Այն, ինչը որ անում են Իլոն Մասկը ու իր նմանները՝ ընդամենը դրա տեսանելի դրսեւորումներից է։ Թուրքիայի հաջողության գաղտնիքն այն է, որ լինելով թեեւ նոմինալ, բայց Արեւմուտքի մաս (որպես ՆԱՏՕ-ի անդամ եւ ԵՄ-ի հետ սերտ տնտեսական շրջանակի մաս), իրավունք է ձեռք բերել օգտվել այդ տեխնոլոգիական նվաճումների մի մասից՝ առնվազն ռազմական ոլորտի մի-քանի սահմանափակ խողովակներով։ Բայց անգամ դա բավարար եղավ, որպեսզի Թուրքիան արեւմտյան տեխնոլոգիաներով զարգացնի իր ավիացիան այն աստիճան, որ կարողանա ամերիկյան լիցենզիայով արտադրել F-16-եր եւ արեւմտյան տեխնոլոգիաներով՝ բայրաքթարներ, որոնց բարձր տեխնոլոգիական բաղադրիչներն ու պահեստամասերը ամբողջապես ներմուծվում են արեւմտյան երկրներից (բարեբախտաբար, Բայրաքթարների մասով այժմ դրանց մատակարարումները Թուրքիային արգելափակված են՝ Արցախի դեմ պատերազմում դրանք օգտագործելու պատճառով)։

Հայաստանը, անկախության հռչակումից ի վեր, հրավեր է ունեցել ինտեգրվելու Արեւմուտքին, որի արդյունքում՝ օգտվելու նորագույն տեխնոլոգիաներից, ֆինանսական ռեսուրսներից, կիբերանվտանգությունից։ Դրա համար միակ պայմանը եղել է ժողովրդավարացումը եւ արեւմտյան ինստիտուտների ներդրումը։ Դա սկսվեց իրականացվել, սակայն ձեւական, թղթի վրա։ Անգամ ֆրանսիականի նմանօրինակ սահմանադրություն ընդունվեց՝ որոշակի տեղական աղավաղումներով դեպի իշխանության գերկենտրոնացում նախագահի ձեռքերում։ Բայց ամեն դեպքում, տասնամյակների ընթացքում որքան ավելի շատ արեւմտյան ինստիտուտներ էին ներդրվում թղթի վրա, այնքան ավելի շատ էր խորանում ավտորիտարիզմը եւ որպես հետեւանք՝ իրականության մեջ մեծացվում կախվածությունը Ռուսաստանից՝ թե թղթի վրա եւ թե կյանքում։ Արեւմուտքի երկրորդ փորձը՝ հրավիրելու Հայաստանին իր հովանու ներքո սկսվեց 2009-ին եւ ավարտվեց 2013-ի սեպտեմբերի 3-ին՝ ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման պայմանագրի ստորագրման հայտնի տապալմամբ եւ ԵԱՏՄ ավտոկրատների սլավոնաթյուրքական միավորման մեւ անբնական ինտեգրումով՝ Կրեմլի ճնշման ներքո։

Արցախյան պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց ոչ միայն Ռուսաստանի անվստահելիությունը որպես դաշնակից, այլեւ սովետա-ռուսական ռազմական տեխնոլոգիաների սնանկությունը անգամ երկրորդական արեւմտյան այնպիսի երկրի տեխնոլոգիաների հանդեպ, ինչպիսին Թուրքիան է։ Թուրքիան, որի բնակչության մեծ մասը ունի տարրական գրագիտության խնդիր, կարողացել է արտադրել այնպիսի անօդաչու սարքեր, ինչպիսիք չունի անգամ Ռուսաստանը։ Թուրքիան նաեւ ռազմական գերազանցության է հասել Ռուսաստանի հանդեպ Սեւ ծովում՝ վերստին արեւմտյան զինատեսակների եւ տեխնոլոգիաների շնորհիվ։ Հայկական բանակում տիրող խայտառակ սուբորդինացիոն եւ լոգիստիկ խնդիրների մասին էլ չխոսեմ․ սովետական մեռնող սալդաֆոնային համակարգի թույլ կողմերը առավել լիարժեք բացահայտվեցին պատերազմի 44 օրերի ընթացքում ու անգամ հայ զինվորների ու սպաների քաջությունն ու հնարամտությունը չէին կարող լրացնել առաջացած տեխնոլոգիական եւ կազմակերպչական բացը։

Այսօր մենք խաչմերուկի առջեւ ենք կանգնած։ Կա՛մ պետք է կարողանանք առաջիկա տարիներին դուրս գալ մեր սեփական տարածքների տնօրինման հարցում մեր ինքնիշխանությունը սահմանափակող ՀԱՊԿ-ի պայմանագրից ու Ռուսաստանի հետ երկկողմանի անվտանգային պայմանագրերը, այդ թվում՝ ռազմաբազայի մասին պայմանագիրը պահպանելով՝ կտրուկ խորացնել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը, այդ թվում՝ նորօրյա Լենդ-Լիզ-ով սկսել վերազինել Հայկական բանակը արեւմտյան սպառազինություններով, հիմնադրել արեւմտյան տեխնոլոգիաների հենքով սեփական ռազմարդյունաբերություն, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, կա՛մ նորից մտնենք նույն կրեմլյան նեխած ջուրը՝ սեփական շահերը մի հերթական, արդեն երրորդ ռուս-թուրքական կործանարար գործարքներին զոհաբերելու հեռանկարով։ Առաջին ճանապարհը հնարավոր կդառնա, եթե ազգային ուժերը կարողանան օգտագործել առաջիկա ամիսները վերախմբավորվելու, կազմակերպվելու, երկրորդական հարցերում տարաձայնությունները մի կողմ դնելու եւ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեկ կամ առավելագույնը երկու ուժեղ շարասյուներով Ազգային ժողովում մեծամասնություն վերցնելու համար։ Երկրորդն անխուսափելի կլինի, եթե հանկարծ 16+Վազգեն Մանուկյան խմբակը կարողանա հակասահմանադրական ճանապարհով զավթել իշխանությունը՝ կրկին լուսանցք մղելով ժողովրդին, ինչպես որ դա արել են տասնյակ տարիներ։

Ամեն դեպքում, ազգային ուժերը պետք է կոնսոլիդացվեն նաեւ ճնշում գործադրելու համար Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա՝ թույլ չտալու նրան այս անցումային շրջանում ստորագրել որեւէ համաձայնագիր, որը կվավերացնի եռակողմ հայտարարության միջի անընդունելի դրույթները, ինչն անելու ուղղությամբ Կրեմլի ճնշումը Հայաստանի վրա օրեցօր ուժգնանալու է, քանի որ 2021-ի աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխություններին ընդառաջ Կրեմլը շտապում է ամրագրել իր արցախյան ռազմավարը։ Հայաստանը պետք է պնդի․
1․ Նախկին ԼՂԻՄ ամբողջ տարածքի օկուպացված հատվածից եւ 7 շրջաններից ադրբեջանական զորքերի դուրսբերումը՝ այնտեղ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմամբ՝ առանց որի հնարավոր չէ տեղահանված հայ խաղաղ բնակչության վերադարձը բոլոր նշած շրջանները։ Միջազգային ուժերը կլինեն նաեւ ադրբեջանցի փախստականների անվտանգ վերադարձի եւ հայ եւ ադրբեջանցի խաղաղ բնակչության խաղաղ համակեցության երաշխավորը։

2․ Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը՝ Ադրբեջանի գերիշխանության ներքո հայ բնակչության անվտանգության ապահովման ու հումանիտար աղետի վերացման/ապագայում էլ՝ կանխման անհնարինության հիմնավորմամբ, ինչի ապացույցն է Ադրբեջանի՝ 30 տարի շարունակվող ցեղասպանական գործողությունները՝ էթնիկ զտումներն ու պատերազմական այլ հանցագործությունները հայ բնակչության եւ մարդկայնության հանդեպ։

2021-ը աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխությունների տարի է լինելու։ Փոփոխություններ, որոնց արդյունքում Հայաստանը կարող է եւ պարտավոր է ապահովել իր երկարաժամկետ անվտանգությունը եւ թռիչքաձեւ տնտեսական եւ գիտա-ըեխնիկական զարգացումը արեւմտյան նորագույն տեխնոլոգիաներով եւ ֆինանսավորմամբ, իր բանակի վերազինումը արեւմտյան զինատեսակներով եւ դրա մարտունակության շեշտակի ավելացումը։

Այս ամենի համար մեզ անհրաժեշտ է ապահովել ընդամենը մեկ նախապայման․ լինել ինքնիշխան պետություն՝ ժողովրդի կողմից ձեւավորած իշխանությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել