Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը հարցն ուղղեց վարչապետին՝ ասելով․
«Պարոն Փաշինյան, պատերազմում պարտված և կապիտուլացիոն փաստաթուղթ ստորագրած վարչապետ եք, ով փաստացի դարձել է ձախողման, թուլության և նվաստացման խորհրդանիշ։ Եվ սա այլևս հանրության, Ձեր կողմից շեշտադրվող ժողովրդի մի ստվար զանգվածի կարծիքը և համոզմունքն է։ Դուք զոհերի մեծ քանակով արդարացրել եք հողերի հանձնումը, հիմնավորել պարտությունը, համազգային սգի աղբյուր եք դարձել, արմատավորել եք պարտության հոգեբանություն և փորձելով կանխել ենթադրվող բոլոր քաղաքացիական ըմբոստությունները՝ Ձեր ստորագրած կապիտուլացիոն փաստաթուղթը հիմնավորում եք «Էլի զոհե՞ր եք ուզում» հարցական փաստարկով, իբրև ավելի շատ զոհերից խուսափելու պատճառաբանություն։ Եթե Դուք ինքներդ Ձեզ համարում եք պարտություն կրած վարչապետ, ինչի մասին Դուք բարձրաձայնել եք, ըստ էության, նաև ընդունելով, որ այո, պարտվել ենք, ապա տրամաբանորեն պարտավոր եք ուղղակի արագ հեռանալ՝ առաջին հերթին, բնականաբար, հայրենասիրական նկրտումներից ելնելով և չթողնելով, որ մի ամբողջ ժողովրդի մեջ արմատավորվի պարտվողի հոգեկերտվածքը»։
Աննա Կոստանյանը շարունակեց՝ ասելով, որ եթե չեք համարում Ձեզ պարտության սիմվոլ և վստահ եք Ձեր և Ձեր քաղաքական ուժի լեգիտիմության վրա, ապա ինչո՞ւ չեք ի կատար ածում Հայաստանի Հանրապետության նաև Սփյուռքի մի ստվար հատվածի պահանջը․
«Ինչո՞ւ չեք ի կատար ածում հեռանալու պահանջը, տալու հնարավորություն ժամանակավոր վարչապետ ընտրելու, կառավարություն ձևավորելու, հետո ավելի մեղմ հանգամանքներում կրկին արտահերթ ընտրությունների միջոցով ապացուցելու ժողովրդի կողմից Ձեր քաղաքական ուժի քաղաքական ասպարեզում մնալու իրավունքը՝ վերականգնելով լեգիտիմությունը։ Սա աթոռը պահելու խնդի՞ր է արդյոք, օրինական պատասխանատվության ենթարկվելու մտավախությու՞ն, թե՞ այլ պատճառներ կան։ Մինչ հիմա այն, ինչ պարբերաբար մեկնաբանել եք ձեր հարցազրույցներով կամ լայվերի միջոցով, ըստ էության, չեն գոհացրել քաղաքացիների, Ձեր իսկ կողմից շեշտվող ժողովրդի մի ստվար հատվածի մտայնությունները և չեն մեղմացրել նրանց բարկությունը»,- նշեց Կոստանյանը։
Ի պատասխան հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․
«Օրինակ՝ շատերը համարում են կամ ասում են, որ էդքան էլ քաղաքականապես հեռատես չէր և հեռատես չի, որ ես հրապարակային և աներկբա տեղի ունեցածի ամբեղջ պատասխանատվությունը, այդ թվում՝ Ձեր ասած պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա, բայց ես կարծում եմ, որ դա ճիշտ և պատասխանատու մոտեցում է, և ես այդ ամբողջ պատասխանատվությւոնը վերցրել եմ ինձ վրա, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն կամ պարտված չզգա, կամ հմարավորինս քիչ պարտված զգա․ սա առաջին»։
Իսկ թե արդյոք պետք է հետևի քաղաքական պատասխանատվություն, Փաշինյանն ասաց․
«Այո, ես արդեն անդրադարձա և ասացի, որ այդ պատասխանատվությունը պիտի հետևի և այդ պատասխանատվության իրավատերը այն սուբյեկտն է, ով ինձ դրել է այսօրվա կարգավիճակում։ Խոսքը ՀՀ ժողովրդի մասին է, որովհետև շատ կարևոր է, որ ինչպես արդեն այսօր այս ամբիոնից բազմիցս ասել եմ՝ ես ինձ հաշիվ եմ տալիս, որ չպիտի անեմ այնպիսի գործողություն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որպես իշխանության միակ և բացառիկ տեր և տնօրեն, իրեն պարտված զգա»։
Նիկել Փաշինյանը նշեց, որ հնչեցված հարցի մնացյալ հատվածը պատգամավորի կարծիքն էր, որը արտահայտվեց։ Աննա Կոստանյանը արձագանքեց՝ ասելով, որ երբ շեշտվում է, թե ժողովուրդը պետք է պահանջի, ժողովուրդը նաև այնտեղ է՝ ԱԺ-ում։
«Այդ ժողովուրդը նաև այստեղ է, այդ ժողովուրդը ազգային ժողովի բակում է, այդ ժողովուրդը հրապարակում է, փողոցներում է, բոլոր այն տեղերում է, որտեղից հնչեցվում է հրաժարակաինի պահանջը։ Եվ երբ շեշտադրում եք, որ ժողովուրդը պետք է պահանջի, ուղղակի ինքներդ Ձեզ հակասում եք, այդ ո՞ր ժողովուրդն է պահանջում։ Եվ նաև ակնհայտ է, որ վերջին շրջանում Ձեր վարած քաղաքականությունը ընդհանրապես չի բխել ՀՀ-ի և նրա քաղաքացիների ծանրակշիռ հատվածի շահերից, պետությունը բզկտված է, մաշված է և ետ է գցվել անորոշ ժամկետով։ Եվ քանի որ Դուք հասցրել եք այնքան, ինչքան որ հասցրել եք, կարծում եմ՝ երկիրը այս վիճակին հասցնելով հանդերձ՝ Դուք ուղղակի ի վիճակի չեք շարունակել պաշտոնավարումը, ղեկավարումը՝ նոր ու համակարգված մոբիլիզացիայով։ Այստեղից հետևություն, որ Դուք րոպե առաջ պետք է հրաժարական տաք»,- ասաց Կոստանյանը։
Վարչապետը պատասխանեց՝ ասելով․
«Դուք ասացիք քաղաքացիների ծանրակշիռ հատված, 3%-ն էլ է քաղաքացիների ծանրակշիռ հատված, 5%-ն էլ է քաղաքացիների ծանրակշիռ հատված, և ընդհանրապես, քաղաքացիների ոչ ծանրակշիռ հատված գոյությւոն չունի։
Իհարկե, հրապարակում գտնվող քաղաքացիներն էլ են ծանրակշիռ հատված, բայց հրապարակում չգտնվող քաղաքացիներն էլ են ծանրակշիռ հատված։ Թե որ ծանրակշիռ հատվածը ինչ է մտածում, և որ ծանրակշիռ հատվածն է ավել ծանրակշիռ իրավասուբյեկտության առումով, ես դրա մասին եմ ասում։ Ես ասում եմ, որ մենք մեր աթոռներից կամ պաշտոններից չենք կառչելու, բայց մեր ժողովրդին պատկանող իշխանությունը չենք կարող հանձնել այդ պահին փողոցով պատահաբար անցնող մեկին։ Կամ, օրինակ, հարկադրանք կիրառող կազմակերպված խմբին, որը իրեն իրավունք է վերապահում մտնել ԱԺ, Կառավարություն, մահափորձ անել ԱԺ նախագահի դեմ։ Եթե մենք հանկարծ այդպես վարվենք, դա կլինի պետականության կործանում, մենք էդպիսի բան թույլ չենք տալու»։