Ոչ մեկ չպետք է թողնվի առանց պրոթեզավորման բուժօգնության․ նախարարը՝ վիրավոր զինծառայողների բուժօգնության մասին

Մարտական գործողությունների հետևանքով վիրավորներն ի՞նչ օգնություն են ստանալու և արդյո՞ք արտասահմանյան աջակցություն հնարավոր կլինի կազմակերպել։

Հարցն առողջապահության նախարարին այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ուղղեց պատգամավոր Համազասպ Դանիելյանը։

«Ռազմական գործողությունների դադարեցումից հետո մեր ուշադրությունը կենտրոնանում է վերականգնողական բուժօգնության վրա, ոչ թե՝ սուր և այդ պահին շատ ավելի կարևորը, քանի որ, բարեբախտաբար, նոր վիրավորումներ չենք ունենում։ Այս ոլորտում անելիքներն իհարկե շատ են, չնայած՝ վերջին տարիներին բավական աշխատանք կատարվել է թե՛ պետության կողմից տրամադրվող ֆինանսների մասով, թե՛ տարբեր նախաձեռնությունների նոր հզորություններ ստեղծելու իմաստով։ Սակայն, մենք կարծում ենք, որ երեք հիմնական ուղղությամբ պետք է լավ աշխատանք կատարենք, որպեսզի հնարավորինս վերադարձնենք մեր վիրավոր զինծառայողներին իրենց ամբողջական լիիրավ կյանքին։ Մեկը՝ եղած հզորությունների լավագույնս օգտագործումն է, որոնց մի մասը այդքան էլ լավ վիճակում չեն և արդիականացման կարիք ունեն՝ սկսած մասնագետների վերապատրաստումից, վերաջացրած՝ շենքային պայմաններով, երկրորդը՝ մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մեզ նոր հզորություններ են պետք, 0-ից ստեղծվող, մոտավորապես 250 մահճակալանոց մեկ վերականգնողական կենտրոնի մասին է խոսքը։ Եվ երրորդը՝ այդ հզորությունների մշտական աջակցությունը՝ պետական պատվերով այդ ծառայությունները գնելու տեսքով»,-ասաց նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով, ըստ նախնական հաշվարկների դա պետբյուջեի վրա կարող է հավելյալ արժենալ 2-2․5 միլիարդ դրամ։ Սա դեռ ներառված չէ բյուջեի նախագծում։

Նախարարը խոսեց նաև պրոթեզավորման մասին՝ նշելով, ոչ մեկ չպետք է թողնվի առանց այդ բուժօգնության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել