Փորձ է արվում այս ամենն օգտագործել հասարակության մակարդակում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնելու համար․ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայում իրականացնում է հայ զինծառայողների դիերի, գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի մեթոդների համեմատական ուսումնասիրություն՝ վեր հանելու համար նմանություններն այն մեթոդների հետ, որոնք կիրառում են իսլամական պետության (ԻԼԻՊ, ISIS) կամ մյուս ահաբեկչական խմբավորումները:

Վեր հանված նմանություններն ակնհայտ են:

Օրինակ՝ իրականացվում է զոհի կամ տուժողի մարմնի մասերի խեղում կամ խոշտանգում կամ նվաստացում, ինչն այնուհետև լուսանկարվում կամ տեսագրվում է ու հրապարակվում:

Հրապարակումներն ինքնին պատահական չեն արվում. դրանք տարածվում են հատուկ մտադրությամբ և այնպես, որ ապահովվի լայն սփռում ու տևական ցուցադրություն: Ընդ որում, լայն սփռման համար օգտագործվում են սոցիալական մեդիայի բոլոր ռեսուրսները:

Այս ամենի նպատակն է կատարած վայրագության համար արժանանալ հանրային գովասանքի կամ անմարդկային վերաբերմունքի ցուցադրմամբ ինքնահաստատվել և ընդգծել սեփական թվացյալ առավելությունը:

Մեկ այլ ընդհանրություն է ընտանիքների անդամներին կամ ազգականներին հնարավորին մեծ հոգեկան ցավ կամ տառապանք պատճառելը: Օրինակ՝ գլխատման մասին ընտանիքին տեղեկացնելը: Ընդ որում, դա անելը բացառիկ ցինիզմով ու ատելության բացահայտ ցուցադրմամբ:

Կարևոր բաղադրիչ է այն, որ նպատակ է դրված անել ամենը, որպեսզի պատճառվող հոգեկան ցավը ունենա երկար տևողություն: Օրինակ՝ 5-6 ժամ առաջ ընտանիքի անդամին զգուշացնելը, որ պատրաստվում են սպանված զինվորի լուսանկարը հրապարակել համացանցում ու այդ կերպ տևական ժամանակ խոշտանգելը:

Կարևոր նմանություններից է այն, որ փորձ է արվում այս ամենն օգտագործել հասարակության մակարդակում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնելու համար:

Օրինակ՝ գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների սոցիալական ցանցերի էջերից ատելություն պարունակող նյութեր տարածելը կամ սոցիալական ցանցերի հայկական էջերին պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ տարածելը՝ զուգահեռ տարածելով ատելություն էթնիկ հայերի նկատմամբ:
Այս բոլոր հարցերը նույնպես մեր ուշադրության ներքո են և դրանք առանձին զեկույցներով կներկայացվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Ըստ անհրաժեշտության՝ կարվեն նաև առանձին հրապարակումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել