Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները պետք է բացատրեն, թե ինչու են F-16 ինքնաթիռները գնդակոծում ԼՂ-ի քաղաքները. Նիկոլ Փաշինյանը՝ The Globe and Mail-ին

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք.

«Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը The Globe and Mail-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական հեղինակավոր The Globe and Mail պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին: Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանն ու Ադրբեջանը լայնածավալ պատերազմի շեմին են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ: The Globe and Mail-ին տված բացառիկ հարցազրույցում պարոն Փաշինյանն ասաց, որ իր երկիրը գտնվում է «քաղաքակրթական առաջնագծում» և որ այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ի միջոցով դաշնակցում են Թուրքիային, ինչպես Կանադան, արդ պետք է որոշեն, թե իրենք որ կողմում են:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Թուրքիան քաջալերում է Ադրբեջանի փորձը՝ լայնածավալ պատերազմի միջոցով վերադարձնելու Լեռնային Ղարաբաղըՙ գերազանցապես հայերով բնակեցված տարածքը, որը 1990-ականների սկզբին տեղի ունեցած արյունալի պատերազմից ի վեր գտնվում է տեղի էթնիկ հայկական ուժերի վերահսկողության տակ: Նա ասաց, որ Թուրքիան սիրիական վարձկաններ է ուղարկել ադրբեջանական կողմին օգնելու համար. պնդում, որը հաստատում են նաև Ռուսաստանը և Ֆրանսիան: Պարոն Փաշինյանը հավելեց, որ նաև թուրքական օդուժն է հարձակվել հայկական դիրքերի վրա:

«Թուրքիայի զինված ուժերն անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին», – Հայաստանի մայրաքաղաք Երևանից հեռախոսազանգով ասաց պրն. Փաշինյանը: «Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները պետք է բացատրեն, թե ինչու են F-16 ինքնաթիռները գնդակոծում Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերըՙ սպանելով խաղաղ բնակչությանը»:

Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը հայտնեց, որ վերջինս հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և որ երկուսն էլ «կիսում են Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հետ կապված մտահոգությունը»:

Պարոն Փաշինյանը նաև կոչ արեց արևմտյան երկրներին վերանայել Թուրքիային զենք վաճառելու պայմանավորվածություններն այն բանից հետո, երբ The Globe-ը հայտնեց, որ Բեռլինգտոնի, L3Harris Wescam–ի արտադրած պատկերագրման և թիրախավորման համակարգերը, որոնք վաճառվել են Թուրքիային, Ադրբեջանն օգտագործում է պատերազմական այս վերջին գործողություններում:

Նա ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությունում Թուրքիայի դերը պետք է դիտարկել սիրիական և լիբիական հակամարտություններում նրա ներգրավվածության, ինչպես նաև Միջերկրականում ծովային սահմանների առնչությամբ Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի որդեգրած «ագրեսիվ» դիրքորոշման համատեքստում:

Պարոն Փաշինյանն ասաց, որ իր կառավարությունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի հետ և հավելեց, որ Թուրքիայի պահվածքը խնդիրներ է ստեղծում ամբողջ միջազգային հանրության համար:

Հինգշաբթի օրը Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին և բարեխղճորեն և առանց նախապայմանների պարտավորվել անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները: Սակայն հրադադարի ռեժիմի վերականգնման կոչը մերժվեց Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանի կողմից:

Պարոն Փաշինյանն ասաց, որ ինքը ողջունում է հրադադարի կոչը և դատապարտում է Թուրքիայի կողմից դրա մերժումը:


«Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո: Ինչպե՞ս կարող է ինչ-որ մեկը հիմա առաջարկել անպաշտպան թողնել Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությանը ահաբեկիչներին և ծայրահեղականներին դեմ հանդիման: Հրադադար կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան հեռացվի Հարավային Կովկասից»:

Պարոն Փաշինյանն Էրդողանին նկարագրեց որպես առաջնորդ, որը երազում է վերականգնել այն Օսմանյան կայսրությունը, որը ոչնչացրեց իր հայ ազգաբնակչությանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացված ջարդերի և տեղահանությունների միջոցով: «Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել