Գտնվել անազատության մեջ դեռևս չի նշանակում ամբողջությամբ կտրված լինել արտաքին աշխարհից։ Այս իրողությունը հերթական անգամ փաստեցին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված կանայք, որոնց մասնակցությամբ և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ օգոստոսի 31-ին հիմնարկում կազմակերպվել էր ցուցահանդես։
Այս մասին տեղեկանում ենք քրեակատարողական ծառայությունից:
Ներկայացվել էին դատապարտյալ կանանց ձեռքի աշխատանքները ստեղծագործական տարբեր ոճերով՝ կոլաժային, կավագործական, բատիկա, ապակյա իրերի վրա նախշազարդումներով և այլն։ Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող դասընթացների շրջանակներում, որոնք հակահամաճարակային սահմանափակումների պատճառով շարունակվում են կազմակերպվել օնլայն տարբերակով։
Ցուցահանդեսին, որին ներկա են եղել և՛ դատապարտյալ կանայք, և՛ հիմնակի աշխատակազմը, բացման խոսքով հանդես է եկել «Ինքնագործ մշակութային միավորման» խմբի ղեկավարը, որը յուրովի և բովանդակալից ներկայացրել է յուրաքանչյուր աշխատանք։
Այնուհետ ազատազրկված կանայք հայտնել են երախտիքի խոսքեր հիմնարկի վարչակազմին, ցուցահանդեսի կազմակերպիչներին, ՊՈԱԿ-ին՝ իրենց կյանքի այս դժվարին փուլը մասամբ լիարժեք և ստեղծագործական դարձնելու համար։