Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է Խաշթառակում ընտանիքի անդամների կողմից ծեծի ենթարկված երեխաների և 6-ամյա երեխայի մահվան դեպքին, ինչի մասին գրում է․
«Ցնցված եմ Խաշթառակում պապի կողմից բռնության ենթարկվելու հետեւանքով 6-ամյա երեխայի մահվան լուրից:
Այս անմարդկային արարքն իրավապահ մարմինների կողմից պետք է ամենակոշտ գնահատականը ստանա: Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքերը մեր հասարակության մեջ շարունակվում են եւ ժամանակն է էլ ավելի կոշտ գործիքակազմ որդեգրել ընտանեկան բռնության դեմ պայքարում, իսկ կիզակետում հայտնված անձանց խրախուսել իրավապահների հետ ակտիվ աշխատանք կատարել` նման դեպքերը կանխարգելելու եւ բացառելու համար:
Ընդամենը մի քանի ամիս առաջ հիվանդանոցից դուրս գրվեց Գյումրիում ծեծի ենթարկված 14-ամյա մի աղջնակ, ով դաժան բռնության էր ենթարկվել եւ երկար ժամանակ ապաքինվում էր, նրա մայրը դարձյալ բռնության զոհ էր դարձել:
Իրավապահները պետք է նշված դեպքերի արագ ու համակողմանի քննություն իրականացնեն: Կարծում եմ, որ դեպքերի դատական ելքերը որոշ չափով կկանխեն դրանց կրկնությունը։
Ցավակցում եմ փոքրիկի հարազատներին»։