Սնանկության ոլորտում կատարված օրենսդրական բարեփոխումների շրջանակում՝ որպես սնանկության գործով կառավարիչ որակավորվել ցանկացող անձանց ներկայացվող պահանջների շարքում, ավելացվել է նաև Արդարադատության նախարարի սահմանած կարգով համապատասխան ուսուցում անցած լինելու պահանջը:
Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար հայտարարում է հավակնորդների ուսուցման դասընթացի ընդունելություն, որի ավարտին դասընթացի մասնակիցներին կշնորհվի վկայագիր՝ հնարավորություն տալով մասնակցելու սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը:
Ուսուցման դասընթացներին մասնակցելու համար հավակնորդը կազմակերպություն է ներկայացնում՝
1) դիմում, որը լրացվում է Կազմակերպությունում.
2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին).
3) կենսագրական տվյալները:
Հավակնորդները վերոնշյալ փաստաթղթերը կարող են ներկայացնել 2020 թվականի օգոստոսի 20-ից մինչև սույն թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն (ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ն), Կազմակերպության վարչական շենք՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեով:
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումներով պայմանավորված՝ դասնթացներն իրականացվելու են հեռավար ուսուցման ձևով (ուսուցման կարգին համապատասխան):
Ուսուցման տևողությունը 100 ակադեմիական ժամ է (տե՛ս ուսուցման ծրագիրը), իսկ ուսուցման արժեքը կազմում է 144300 (մեկ հարյուր քառասունչորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:
Ուսուցմանը մասնակցելու հավակնորդի դիմումը մերժվում է, եթե՝
1) հավակնորդի ներկայացրած փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) Հավակնորդը մինչև սույն թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ չի ներկայացրել ուսուցմանը մասնակցելու համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Հավակնորդների ցուցակը կազմելուց հետո՝ կազմակերպությունը հավակնորդներին լրացուցիչ կտեղեկացնի այն մասին, որ՝
- տեղեկացումը ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում հավակնորդները պետք է Կազմակերպության հետ ուսուցում անցնելու վերաբերյալ պայմանագիր կնքեն.
- պայմանագրի կնքման փուլում հավակնորդը պարտավոր է ուսուցման կարգով նախատեսված պայմաններին համապատասխան վճարում կատարել դասընթացի հայտարարված արժեքի հիսուն տոկոսի չափով.
- Պայմանագրի կնքման վերոնշյալ ժամկետի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հաշվի առնելով պայմանագիր կնքած բոլոր հավակնորդների ընդհանուր թիվը, Կազմակերպության կողմից կկատարվի դասընթացի արժեքի վերահաշվարկ և յուրաքանչյուր հավակնորդի մասով դասընթացի վերջնական արժեքը որոշելուց հետո հավակնորդները կտեղեկացվեն դասընթացի վերջնական արժեքի, արդեն իսկ վճարված գումարի տարբերության չափով հավելյալ վճարում կատարելու անհրաժեշտության և վճարման չափի մասին.
- Կազմակերպության տեղեկացումը ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդը պարտավոր է Կազմակերպության կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի վրա կատարել վերոնշյալ հաշվարկված հավելյալ վճարումը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով Կազմակերպություն (տե՛ս ուսուցման կարգի 13-րդ և 13.1-րդ կետերը):
Ուշադրություն՝ դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2020 թվականի սեպտեմբերի 2-ը ներառյալ:
Հարցերի դեպքում հավակնորդները կարող են զանգահարել կազմակերպություն, հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-574406, 010-574453 և 010-557660: