Էլեկտրոնային դասամատյաններ կօգտագործվեն․ դպրոցում օգտագործվող փաստաթղթերի մեծ մասը կվարվեն էլեկտրոնային եղանակով

ՀՀ ԿԳՄՍՆ-ն e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը և դրանց լրացման կարգը սահմանող ԿԳՄՍՆ նախարարի հրամանի նախագիծը: Առաջարկվում է գործածվող 14 փաստաթղթերի մեծ մասն այսուհետ վարել էլեկտրոնային եղանակով: Նոր կարգի նպատակն է դյուրացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր գործածության փաստաթղթերի լրացումը, գործածումը և փաստաթղթաշրջանառությունը, ինչը նաև կմեծացնի հանրակրթության ուսումնական հաստատությունների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում գործածվող փաստաթղթերի մի մասը ձևավորվում է ինքնաշխատ եղանակով՝ արդեն մուտքագրված տեղեկությունների հիման վրա:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը ստորև.

  1. Էլեկտրոնային դասամատյաններ
  2. Աշխատողի անձնական էլեկտրոնային գործ
  3. Սովորողի անձնական էլեկտրոնային գործ
  4. Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան
  5. Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան
  6. Ավարտական, պետական ավարտական, փոխադրական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններ
  7. Էլեկտրոնային հաստիքացուցակ
  8. Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` հիմնադրի որոշմամբ
  9. Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն
  10. Ուսուցչի բաց թողած և փոխարինած դասաժամերի հաշվառման մատյան
  11. Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
  12. Դասալսումների արդյունքների արձանագրություն
  13. Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
  14. Սովորողների շարժի մատյան /ձևավորվում է էլեկտրոնային մատյանում տվյալներ մուտքագրելու արդյունքում/:

Նշենք, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը հաստատելու» N 23-Ն հրամանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել