Ուսանողները կկարողանան իրացնել իրենց իրավունքը և պարտադրել բոլոր վարչական, ոչ վարչական մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում․ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն

Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրազեկման շրջանակներում ասոցիացիայի ներկայացուցիչը հուլիսի 13-ին առցանց սեմինար իրականացրեց Հայաստանի Պետական տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ:

Իրազեկման սեմինարին ողջույնի խոսքով հանդես եկավ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը։ Ողջունելով նման համագործակցությունը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի հետ՝ նա խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյուների վերաբերյալ։

Այնուհետև, ողջույնի խոսքով հանդես եկավ Շվեդիայի դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Ռազմիկ Սարգսյանը, ով կարևորեց ծրագրի շրջանակներում հանրային ոլորտում առկա կոռուպցիայի դեմ պայքարն ու իրազեկումը: 

Հայաստանի Պետական տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը կարևորեց նման միջոցառումների անցկացումն ու պետական և ոչ պետական մարմինների հետ սերտ համագործակցությունը՝ ուսանողներին հորդորելով մասնակցել դրանց։ «Սա կարևոր է այն առումով, որ ուսանողները կկարողանան իրացնել իրենց իրավունքը և պարտադրել բոլոր վարչական ու ոչ վարչական մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում՝ նկատի ունենալով բոլորի շահերը»,-նշեց Կարեն Պետրոսյանը։

Իր խոսքում ՀՊՏՀ «Զարգացման ծրագրերի, գիտության որակի ապահովման, արտաքին կապերի» բաժնի ղեկավար Ղարիբ Հարությունյանը նշեց, որ ԻՀԱ հետ կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցում են նաև որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Նա շեշտեց, որ միջոցառումը հատկապես կարևոր է այն առումով, որ շեշտադրվում է հենց մարզային ուսանողների ներգրավվումը, հատկապես այն ժամանակ, երբ առկա է կոռուպցիայի դեմ պայքարում պետական կամք: 

Իրավաբանների հայկական ասոցիացիայի Շիրակի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Գայանե Գևորգյանը մասնակիցներին ներկայացրեց, որ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարում առանձնահատուկ դեր է հատկացվել հակակոռուպցիոն կրթությանն ու իրազեկմանը: 

Իրազեկման սեմինարի ընթացքում ԻՀԱ Մարիամ Զաքարյանը ներկայացրեց «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրն ու պատասխանեց ուսանողների հարցերին:

Ուսանողները ոգևորությամբ ընդունեցին ընձեռնված բացառիկ հնարավությունը կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվելու փաստով: Ուսանողներին տրամադրվեց նաև մասնակցության հայտը:   

Իրազեկման սեմինարին մասնակցեցին 25-ից ավելի ուսանողներ:

Հավելենք, որ «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագիրը իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել