Վրաստանի կառավարությունը շարունակում է հրապարակել այն երկրների ցանկը, որոնց համար Վրաստանն արդեն բաց է: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ թույլատրվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի քաղաքացիություն կամ կեցության իրավունք ունեցող անձանց մուտքը երկիր: Նրանք կարող են Վրաստան հասնել ուղիղ ավիաչվերթներով: Վրաստանի կառավարությունը թույլատրել է նաև եվրոպական 13 երկրների քաղաքացիների ու ռեզիդենտների մուտքը, սակայն նրանց համար 14-օրյա կարանտինը պարտադիր կլինի: Ցանկում են` Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հունաստանը, Շվեդիան, Խորվաթիան, Իտալիան, Կիպրոսը, Սլովենիան, Իսլանդիան:
Վրաստան ժամանելուց առաջ եվրոպացիները պետք է հատուկ ձևաթուղթ լրացնեն, որտեղ նշելու են վերջին 2 շաբաթվա ուղևորությունների մասին և կոնտակտային տվյալներ:
Արդեն բանակցություններ են տարվում եվրոպական ավիափոխադրողների հետ` ավիահաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ: Կառավարության արձանագրության մեջ ասվում է, որ նշված երկրների ցանկը պարբերաբար համալրվելու է:
Պարտադիր կարանտինն ուժի մեջ է մնում նաև հայրենիք վերադարձող` Վրաստանի քաղաքացիների համար:
Հստակեցված է նաև գործնական այցելությունների կարգը: Գործարարը ցանկացած երկրից կարող է Վրաստան գալ` վճարելով 2 շաբաթվա կարանտինի կամ երկու շաբաթվա ընթացքում 72 ժամը մեկ PCR թեստի անելու արժեքը: