Ի՞նչ է հանրային ծառայության համարանիշը

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» (ՀԾՀ) օրենքը սահմանում է, որ հանրային ծառայությունների համարանիշը թվային տասը նիշերի համակցություն է, որը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների` սեռի, ծննդյան օրվա, ամսվա, տարեթվի հիման վրա, ինչպես նաև ներառում է օժանդակ հերթական եռանիշ համար և ճշգրտող մեկ նիշ:

2Հանրային ծառայությունների համարանիշը եզակի է։ Համարանիշը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում:

Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

Հանրային ծառայությունների համարանիշը ձևավորվում է հետևյալ կերպ.

1) թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է անձի ծննդյան ամսաթիվն ու սեռը և կարող է լինել`

ա. 11-41 (11` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 41` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` արական սեռի համար,

բ. 51-81 (51` ամսի 1-ին ծնված լինելու դեպքում, 81` ամսի 31-ին ծնված լինելու դեպքում)` իգական սեռի համար.

2) թվային նիշերի երկրորդ զույգը (3-րդ և 4-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան ամիսն ու դարը և կարող է լինել`

ա. 01-12 (01` հունվարին ծնված լինելու դեպքում, 12` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 20-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 14),

բ. 21-32 (21` հունվարին ծնված լինելու դեպքում, 32` դեկտեմբերին ծնված լինելու դեպքում)` 21-րդ դարի համար (հունիսին ծնված լինելու դեպքում` 34).

3) թվային նիշերի երրորդ զույգը (5-րդ և 6-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան տարեթիվը և կարող է լինել 00-99.

4) թվային նիշերի երրորդ զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7-րդ, 8-րդ և 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ օրը ծնված նույն սեռի անձանց` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հերթական համարը և կարող է լինել 001-999:

Վերջին թվային նիշը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշի հաշվարկման կարգը սահմանում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Հանրային ծառայությունների համարանիշը ձևավորելիս «6» թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել:

Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

Ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ցանկությամբ երեխայի բնակության վայրի տեղական ռեգիստրի կողմից 16 տարին չլրացած երեխային հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ:

«Նույնականացման քարտերի մասին» օրենքի համաձայն՝ նույնականացման քարտում ամրագրվում են նաև հանրային ծառայությունների համարանիշը, քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաև արյան խումբը և ռեզուսը (քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ): Նույնականացման քարտը ներառում է այն տրամադրած ոստիկանության ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև նույնականացման քարտի տրամադրման և վավերականության ժամկետները, նույնականացման քարտի համարը:

Այն դեպքում, երբ քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա նույնականացման քարտը տրամադրվում է առանց հանրային ծառայությունների համարանիշը նույնականացման քարտում ամրագրելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել