ՀՀ-ում կորոնավիուսով վարակված արդեն 102 անձ կա․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Շանթ»-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում հայտարարեց, որ ՀՀ-ում կորոնավիուսով վարակված արդեն 102 անձ կա։

«102 վարակվածների 75 տոկոսը 2 աղբյուրից են, Էջմիածնի և արտադրամասի հետ կապված»,-նշեց նա՝ հավելելով, որ որոշում է կայացվել Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցնել՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել: Նա նշեց, որ հիմա աշխատանքներ են տարվում «արտադրամասի դեպքի» ուղղությամբ։

Վարչապետը նշեց, որ արտադրամասը գտնվում է Շենգավիթում, իսկ այնտեղ կորոնավիուսի բռնկումը կապված է Իտալիայից ժամանակ ինստրուկտորի հետ։

«Նա ջերմիջեցնող դեղեր խմելու միջոցով թաքցրել է իր իրական վիճակը։ 1-2 օր անցկացրել է արտադրամասում, որից հետո հեռացել է Հայաստանից և թողել է այդպիսի հետևանք»,-նշեց Փաշինյանը։

Փաշինյանը նշում է, որ ՀՀ-ում կորոնավիուսի վերաբերյալ «բամբասանք», որպես այդպիսին, չկա․ «Դա խոսում է կառավարության նկատմամբ հանրության վստահության մասին»։

Փաշինյանը նաև հայտնեց, որ Կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը։

«…25 մլրդ դրամ կհատկացնենք այն ծրագրի համար, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ Հայաստանյան բանկերից դրամային արտահայտությամբ իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու և այլ հարցերի համար, կառավարությունն այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0%-ով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի»,- նշեց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել