Նախատեսվու՞մ է պատասխանատվություն եղևնիների հատման համար

Առաջիկա օրերին շատ դժվար է դիմանալ գայթակղությանը բնակարանում ունենալ Ամանորը խորհրդանշող բնական տոնածառ: Սակայն պետք չէ մոռանալ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն եղևնիների ապօրինի հատման համար: Ապօրինի է համարվում ծառերի հատումն ինչպես առանց թույլտվության, այնպես էլ անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող հատումը:

 

«Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»,-Իրավաբան. net-ին հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Նշված արարքը պաշտոնատար անձի կողմից կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

 

Անտառօգտագործման իրավունք տվող փաստաթղթերով նախատեսված նպատակներին կամ պահանջներին չհամապատասխանող անտառօգտագործումը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել