Պետությանը պատճառված 3.064.228 դրամ վնասը կարելի է և նվիրել. Միջնորդեց պաշտպանը

Այսօր` դեկտեմբերի 21-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսվեց կողմերի ճառերը` զինվորական կենսաթոշակ ստանալու համար փաստաթղթերի կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Հովհաննես Բաղդասարյանի մեղսագրվող քրեական գործով:

 

Հովհաննես Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով 2006-2011թ. մարտ ամիսը օգտագործել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ստացել կենսաթոշակ` խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` 3.064.228 դրամ գումար:

 

Պետմեղադրողը, մոտ 1 ժամ տևած իր ճառում, ապացուցված համարեց Հովհաննես Բաղդասարյանին մեղսագրվող արարքը, թե’ վկաների ցուցմունքներով, թե’ մի շարք փաստաթղթերի հիման վրա, մանրամասն նշելով գործում առկա կեղծ փաստաթղթերի, կեղծ ստորագրությունների, կեղծ կնիքների առկայության, ինչպես նաև ժամանակագրական և գրագրության, նաև բժշկական տեղեկանքներում ձևակերպված ոչ բշժկական տերմինաբանության առումով: Մեղադրողն իր ճառում չհերքեց, որ ամբաստանյալն իրոք մասնակցել է մարտական գործողություններին` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանությանը, բայց վերջինս չի ստացել կոնտուզիա, որը կառաջացներ հաշմանդամություն: Այսինքն` ամբաստանյալ Հովհաննես Բաղդասարյանը կեղծ փաստաթղթերի արդյունքում, ստանալով զինվորական հաշմանդամության կենսաթոշակ, պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս` 3.064.228 դրամ գումարի չափով:

 

Մեղադրողը դատարանին միջնորդեց Հովհաննես Բաղդասարյանին մեղավոր ճանաչել իրեն մեղսագրվող արարքում: Միջնորդեց պատիժ նշանակելիս որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի առնել այն, որ վերջինս իրոք մասնակցել է ՀՀ և ԼՂ –ի սահմանների պաշտպանությանը, վատառողջ է, նախկինում դատված չի եղել և նշանակել պատիժ ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամանակով:

 

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Թամարա Յայլոյանը դատարանի ուշադրությանը հրավիրեց, որ եթե դատավճիռ պետք է կայացվի հանուն Հայաստանի Հանրապետության, ապա այդ դատավճիռը նաև Հայաստանի ժողովրդի անունից է, ուստի այսօր հասարակությունը պաշտպանում է Հովհաննես Բաղդասարյանին, նշելով, որ պետությունը թող համարի նվեր պատճառված 3.064.228 դրամ գումարը, հաշվի առնելով, որ վերջինս մասնակցել է սահմանների պաշտպանությանը: Պաշտպանը նշեց, թե’ նախաքննությունը, թե’ դատաքննությունը թերի է եղել և խախտվել է իր պաշտպանյալի իրավուքնները, մասնավորապես` Եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 6-րդ հոդվածները: Նշեց նաև, որ որպես ապացույց գործում առկա չէ ոչ դատաձեռագրաբանական և ոչ էլ դատափաստաթղթային փորձաքննությունների եզրակացություններ, որոնք իրոք կապացուցեին իր պաշտպանյալի անմեղությունը, ինչպես նաև այն փաստը, որ դատարանը մերժեց իր միջնորդությունը Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին որպես վկա դատարանում հարցաքննելու համար և վերջում միջնորդեց դատարանին արդարացնել իր պաշտպանյալին:

 

Ամբաստանյալը իր ճառում և իր վերջին խոսքում իրեն մեղավոր չճանաչեց և դատարանից խնդրեց արդարություն:

 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ դատավճռի հրապարակման համար դատական նիստ նշանակվեց դեկտեմբերի 24-ին ժամը 12:00-ին:

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել