Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը 14.02.2019թ.-ին «armtimes.com» կայքին և «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Մ. Գրիգորյանը մեղադրվում է նրանում, թե իբր «յուրացրել է ապրիլյան պատերազմին զինվորների համար նախատեսված` ուշադրություն` 2017 թվի մայիսին արտադրված զինվորի սնունդ»:
Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ պաշտպանի նման հայտարարությունը բացառապես նպատակ է հետապնդում իրականությունը խեղաթյուրելով հասարակության շրջանում թյուրըմբռնում ստեղծել իր պաշտպանյալ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ոչ միայն 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների և կամավորների կարիքները հոգալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից ԵԿՄ հասարակական կազմակերպությանը հանձնված պարենային ապրանքների ու հանդերձանքի յուրացման մեջ,այլ նաև դրանից առաջ և հետո (2014թ., 2015թ., 2017թ.) ԵԿՄ-ին հատկացված ապրանքանյութական արժեքներ (այդ թվում` սննդամթերք, հանդերձանք և այլն) յուրացնելու և վատնելու մեջ, ինչը արտացոլված է թե´ Մանվել Գրիգորյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման, թե´ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից 14.02.2019թ.-ին տարածած հաղորդագրության մեջ:
Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ պաշտպան Արսեն Մկրտչյանը չի ընկալել մեղադրանքի որոշման մեջ նույնիսկ ոչ իրավաբանին հասկանալի լեզվով ձևակերպված վերը նշված հանգամանքները, այդուհանդերձ, պաշտպանին հորդորում ենք չխեղաթյուրել իրականությունն ու դուրս չգալ փաստաբանական էթիկայի սահմաններից: