Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.02.2019թ. դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով հանձնարարել Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին բացառել փաստաբանների մասնակցությունը խոչընդոտելու դեպքերը:
Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից:
Հիշեցնենք, որ քաղաքապետին դիմելու առիթ էր հանդիսացել փաստաբան Նելլի Մովսիսյանի կողմից 04.02.2019թ. ՀՀ փաստաբանների պալատին ներկայացված դիմումը, որով վերջինս տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը խոչընդոտել է իր մասնագիտական գործունեության իրականացմանը՝ արգելելով, որպես վստահորդի ներկայացուցիչ, մասնակցելու հանձնաժողովի նիստին:
ՀՀ փաստաբանների պալատը 12.02.2019 թվականին ստացել է Երևանի քաղաքապետարանի գրությունը, որով Երևանի քաղաքապետարանը վերահաստատել է իր հանձնառությունը ապահովելու փաստաբանների մասնակցությունը, մասնավորապես խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների նիստերին:
Գրությամբ նաև նշվել է, որ քաղաքապետարանը, մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը պատրաստ են շարունակել համագործակցությունը Փաստաբանների պալատի հետ հանուն յուրաքանչյուր անձի իրավունքների պաշտպանության:
Գրությամբ անդրադարձ է կատարվել նաև փաստաբան Նելլի Մովսիսյանի հետ կապված միջադեպին, որի մասին փաստաբանը գրությամբ տեղեկացվել է: