Այսօր՝ փետրվարի 6-ին կառավարության նիստի ժամանակ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը գործադիրի անդամներին ներկայացրեց դպրոցների վերաբերյալ անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին նախագիծը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի, Երևանի Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի, Երևանի Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի և Երևանի «Հերացի» ավագ դպրոցի ուժեղացման աշխատանքների նախագծման աշխատանքները: Առաջիկայում նախատեսվում է սկսել նաև Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի և Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի նախագծային աշխատանքները: Վերոնշյալ դպրոցների շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թվականին:
Ծրագրի պահանջներից է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքերը պետք է չքանդվեն, այս նպատակով նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն:
Միջազգային փորձագետի պահանջի հիման վրա իրականացված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շենքերում բետոնյա շաղախը ժամանակի ընթացքում կորցրել է իր ամրությունը և վերածվել է ավազի: Հետագա ընթացքի համար փորձագետի կողմից առաջարկվեց՝
- Քանդել ամբողջությամբ շենքերը և տեղում կառուցել նորերը,
- Թողնել գործող շենքերը և նորերը կառուցել այլ վայրերում,
- Շենքերի պատերը ամբողջությամբ ամրացնել բետոնի ներարկման միջոցով,
- Իրականացնել շենքերի պատերի (բացի արտաքին) երկկողմանի ուժեղացում:
Ներկայացված մոտեցումները քննարկվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ և առաջարկվում է պահպանել դպրոցների ճակատային պատերը, ամրացնել դրանք և կառուցել նոր դպրոցներ նույն տեղում:
Դիրքորոշումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
ա/ Հնարավոր չէ կառուցել դպրոցներ այլ վայրերում, քանի որ Երևան քաղաքում այդ տարածքները չկան,
բ/ Նպատակահարմար չէ քանդել շենքերը ամբողջությամբ, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են ճարտարապետական որոշակի արժեք,
գ/ Նպատակահարմար չէ շենքերի պատերը ամբողջությամբ ամրացնել բետոնի ներարկման միջոցով, քանի որ ծավալները շատ են և նկատի ունենալով աշխատանքների իրականացման դժվարությունները մոտեցումը կհանգեցնի բարդությունների և լրացուցիչ ծախսերի,
դ/ Նպատակահարմար չէ շենքերի պատերի (բացի արտաքին) երկողմանի ուժեղացնել, քանի որ փոքրանում են ներքին մակերեսները և ծախսարդյունավետության տեսակետից արդարացված չէ:
Իսկ, Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցը և Երևանի թիվ 116 հիմնական դպրոցը նախատեսվում է քանդել ամբողջությամբ, քանի որ տեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն դրանք ամրացման ենթակա չեն:
Հարցի քննարկման մանրամասներն ու վարչապետի արձգանքը՝ տեսանյութում