Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ձևավորել առցանց հարթակ, որտեղ բնակիչները կներկայացնեն իրենց առաջարկները, միաժամանակ դրանք մատչելի կլինեն բոլորին և հնարավորություն կտրվի առանձնացնել լավագույնները:
«Բյուջեն պատկանում է հենց բնակիչներին, և իրենք էլ կտնօրինեն այն: Մեր նախընտրական ծրագրի հիմնական և գլխավոր կետերից մեկն ուղիղ ժողովրդավարութունն էր, որը պետք է սկսենք իրականացնել: Մեր քաղաքացիներին հնարավորություն կտանք, որ իրենք ևս տնօրինեն բյուջեն և ծրագրեր առաջարկեն: Այդ նպատակով այս տարի բյուջեից կտրամադրվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Այսինքն, Երևանի բնակիչներն իրենք կորոշեն, թե ինչ ծրագրեր են ուզում իրականացնել այդ գումարով: Պետք է նաև կազմակերպել առցանց հարթակ, որի միջոցով կներկայացվեն առաջարկները: Իհարկե, առաջարկներ կընդունենք նաև ավանդական նամակներով: Ծրագրերի մշակումից հետո կընտրվեն և կիրականացվեն քաղաքացիների ներկայացրած այն առաջարկները, որոնք կարժանանան հենց բնակիչների ամենաշատ հավանությանը»,- ընդգծել է Հայկ Մարությանը: