Բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելիս հայտնաբերվել է նախկինում 3 անգամ դատապարտված անձ. քաղաքապետարան

Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու և երևույթը վերացնելու նպատակով սահմանվել է երեկոյան հերթապահություն:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

Առաջին շոշափելի արդյունքը գրանցվել է հունվարի 16-ին. Հյուսիսային պողոտայում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելիս հայտնաբերվել է նախկինում 3 անգամ դատապարտված անձ, ով փողոցային առևտրի մեջ էր ներգրավել 14-ամյա դեռահասի: Դեպքի առնչությամբ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Նշվել է, որ ոլորտի պատասխանատուները հանդիպել են բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող մի շարք քաղաքացիների հետ, քննարկել և առաջարկել խնդրի լուծման տարբերակներ:
Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը և հիշեցրել, որ մայրաքաղաքում չկան բացառություններ ու արտոնյալներ և, որ բոլորը հավասար են օրենքի առաջ:

Մայրաքաղաքի մայթերը և չսահմանված այլ հատվածները որպես ավտոկայանատեղի օգտագործելու փաստի առնչությամբ քաղաքապետը հատկանշել է, որ խնդիրը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանությունը չի դիմել կոշտ միջոցների:

«Ինչ արժեք ունեն Երևանի ավագանու որոշումները, եթե մի տեղ ասում ենք՝ ավտոկայանատեղի չի լինելու, բայց միևնույն է, այդտեղ մեքենաներ են կայանում: Քաղաքապետարանն ինչ էլ անի, միևնույն է՝ անզոր է: Այստեղ արդեն ոստիկանությունը պետք է գործի» ,- ընդգծել է քաղաքապետը:

«Թեժ գծի» աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով գործարկվել է Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» 1-05 կարճ և անվճար հեռախոսահամարը: Զեկուցվել է նաև, որ առաջիկայում կներդրվի աշխատանքային ժամերից հետո ձայնային հաղորդագրություն թողնելու հնարավորությունը: Քաղաքապետը հետաքրքրվել է նոր հեռախոսահամարով ստացվող զանգերի քանակի մասին և հանձնարարել հնարավոր բոլոր միջոցներով իրազեկել քաղաքացիներին գործող անվճար թեժ գծի առկայության մասին:

Բանակի օրվա առթիվ միջոցառումներ կանցկացվեն վարչական բոլոր շրջաններում: Հանձնարարվել է Արարատյան Հայրապետական թեմի հետ նախապատրաստվել նաև փետրվարի 16-ին նշվող Սուրբ Սարգիս զորավարի տոնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել