Վահագն Հարությունյանի փաստաբանը ԲԴԽ կդիմի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու գործով թույլ տրված քրեադատավարական օրենքների խախտումների հիմքով հաղորդում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին:

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կողմից Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու գործով «արդարադատություն» իրականացնելիս թույլ տրված քրեադատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ հիմքով այսօր Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին եմ ներկայացրել կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին հաղորդում։

Հ.Գ. Դատական համակարգ ունենալու համար առաջին հերթին պետք է ազատվել նման տիպի չագուչով ու պատմուճանով անձանցից, ովքեր կարող են 26.12.2018թ-ին նույն գործով նույն անձի վերաբերյալ պաշտպանի կողմից ներկայացված բողոքը քննել պաշտպանի մասնակցությամբ, իսկ 30.12.2018 «հանկարծակի» մոռանալ պաշտպանի գոյության մասին և խափանման միջոցի մասին միջնորդությունը քննել նույն պաշտպանի բացակայությամբ»,-նշում է նա:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հոկտեմբերի 31-ին հայտարարություն էր տարածել,որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ Վահագն Հարությունյանը:

Վահագն Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանի հուլիսի 17-ի որոշմամբ,  ազատվել էր ՀՀքննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել