Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժում ստանալու (հետազոտություն անցնելու) իրավունքից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում նրանց բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից օտարերկրյա պետությունում զինծառայողի բուժման (հետազոտության), կեցության և ճանապարհածախսի գումարների հատկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումը (հետազոտությունը) օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում են նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում: Սահմանված իրավունքից չի օգտվում այն զինծառայողը, որի վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ստացած հիվանդությունը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է: