2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը կհատուցվի

Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը ներկայացրել են նոր օրենքի նախագիծ, որով կարգավորվում են 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները:

Oրենքի համաձայն՝ շահառուներ են համարվում այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:

Հեղինակները նշել են, որ անձի կյանքին պատճառված վնաս, օրենքի տեսանկյունից, կարող է համարվել

1) անձի մահանալը.

2)ստացված վնասվածքի կամ խեղման հետեւանքով անձի աշխատունակության կորուստը:

Անձի զոհված լինելու դեպքում շահառու կհամարվեն անձի՝

1) Ամուսինը.

2) Զավակը (զավակները).

3) Ծնողը (ծնողները):

2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով անձի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե՝

1) անձը մահացել է մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կամ այդ իրադարձությունների ավարտից հետո՝ իրադարձությունների ժամանակ ստացված վնասվածքի կամ խեղման պատճառով:

2) անձը մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետեւանքով ստացել է հաշմանդամություն:

Նախատեսված հատուցման գումարների չափերը, վճարման կարգն ու պայմանները սահմանվում է իրավասու պետական մարմնի որոշմամբ:

Նախագծի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ իրավասու պետական մարմինը անմիջապես սահմանում է սույն օրենքով նախատեսված հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները:

Հեղինակները նշել են, որ նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն:

Նախագծի հիմնական զեկուցողը Լենա Նազարյանն է: Այն նստաշրջանի օրակարգում դեռևս ընդգրկված չէ:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել