Փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորության առաջացման և դադարման կարգը

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 246-րդ հոդվածի՝

  1. Փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման (հարկային պարտավորությունների առաջացման) համար հիմք են համարվում փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը:
  2. Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:
  3. Անկախ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներից`

1) հարկման օբյեկտի սեփականատեր համարվող ֆիզիկական անձի մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչելու դեպքերում Օրենսգրքով սահմանված կարգով նոր սեփականատիրոջն են անցնում մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձի կողմից տվյալ հարկման օբյեկտի համար չկատարված հարկային պարտավորությունները, ինչպես նաև մահվան օրվանից մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության (ժառանգության) իրավունքի ձևակերպման ամիսը ներառյալ տվյալ հարկման օբյեկտի համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հաշվարկված հարկային պարտավորությունները: Սույն կետով սահմանված դեպքերում փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է սեփականության (ժառանգության) իրավունքի ձևակերպման ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

2) եթե հարկման օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցում է ստանում դատավճռի, վճռի կամ իրավական ակտի հիման վրա, նոր սեփականատիրոջն են անցնում դատավճռի, վճռի կամ իրավական ակտի ընդունման ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև սեփականության իրավունքի պետական գրանցման ամիսը ներառյալ տվյալ հարկման օբյեկտի համար փոխադրամիջոցի գույքահարկի գծով հաշվարկված պարտավորությունները: Սույն կետով սահմանված դեպքերում փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է դատավճռի, վճռի կամ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.

3) եթե հարկման օբյեկտի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքը ծագում է կամ սույն մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դեպքում հարկային պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկի վճարման համար Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետին նախորդող ամսվա ընթացքում, ապա տվյալ հարկման օբյեկտի գծով այդ հարկային տարվա հարկային պարտավորությունն ավելանում է հաջորդ հարկային տարվա հարկային պարտավորությանը.

4) ֆիզիկական անձանց պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանված լինելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված և չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության հարկային տարվան հաջորդող հարկային տարվա հունվարի 1-ից: Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցը լիազոր մարմնում վերահաշվառելու դեպքում այդ փոխադրամիջոցի համար դադարած փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունները հակադարձվում են և ենթակա են կատարման սույն բաժնով սահմանված կարգով և չափով:

  1. Հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառված որևէ արգելանքի առկայությունը հիմք չի համարվում փոխադրամիջոցների գույքահարկը չհաշվարկելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել