Կարևորագույն ապրանքների ներմուծմամբ (արտադրությամբ) զբաղվող տնտեսավարողների համար կսահմանափակվի նշված ապրանքատեսակների վաճառքը

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է հրապարակվել, որով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Առևտրի և ծառայությունների», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին օրենքներում:

Նախագիծը ներկայացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Նախարարությունը նշում է, որ մեծածախ-մանրածախ շղթայի կանոնակարգման տեսանկյունից կարևորվում է մեծածախ վաճառողների սահմանափակումը մանրածախ շուկայում գործունեություն իրականացնելու մասով, քանի որ մեծածախ վաճառողները մանրածախ շուկայում ձեռք են բերում մրցակցային առավելություն։ Այս համատեքստում առաջնային խնդիր է սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքների ներմուծմամբ (արտադրությամբ) զբաղվող տնտեսավարողների համար սահմանափակել նշված ապրանքատեսակների մասով վաճառքի իրականացումը:

Միաժամանակ, սպառողների շահերի պաշտպանության նպատակով նախագծում ներառվել են նաև դրույթներ, համաձայն որոնց վաճառողը սպառողներին տեսանելի վայրում պետք է փակցնի տեղեկատվություն՝ սպառողի կողմից պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու և վերադարձնելու պայմանների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նմանօրինակ ապրանքներով փոխարինելու կամ վերադարձնելու ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը։ Վերոգրյալ կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում ստացվում են բավականին շատ բողոքներ սպառողների կողմից առ այն, որ առևտրի իրականացման վայրերում հրաժարվում են փոխարինել կամ հետ ընդունել գնված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը՝ առանց որևէ  հիմնավորման, ինչը ուղղակիորեն հանդիսանում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտում, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս որևէ մարմին չունի իրավասություն միջամտելու տվյալ պարագայում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջի խախտում, ապա սպառողների խախտված իրավունքները կարող են վերականգնվել միայն դատական կարգով, ինչը ժամանակատար է և ծախսատար։ Վերոգրյալով պայմանավորված սպառողները հաճախ խուսափում են դիմել դատարան։ Ըստ այդմ, տվյալ ոլորտում առկա իրավիճակը կարգավորելու նպատակով առաջարկվում է պարտադրել տնտեսավարողներին տեղեկացնել սպառողին վերջինիս իրավունքների վերաբերյալ, ինչը գործնականում, կարծում ենք կնվազեցնի հնարավոր կամայականությունները։

Նախարարությունը հիմնավորման մեջ նշում է, որ նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմանների, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանության  ապահովումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել