Այսօր՝ օգոստոսի 31-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթանում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կալանքի երկարացման գործով դատական նիստը:
Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը կոպտագույն կերպով խախտել է պաշտպանական կողմի իրավունքները և ինքն ու իր պաշտպանյալը լքել են դատական նիստերի դահլիճը:
«Սա դատավարություն չէր, սա խայտառակություն էր և ինչպես ժամանակին Մնացական Մարտիրոսյանը դատել է Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ այսօր նա երկարացնելու է Դավիթ Համբարձումյանի կալանքը»,-նշեց փաստաբանը:
Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ դատավորը քննության առարկա չի դարձրել պաշտպանական կողմի միջնորդությունները:
«Գաղտնիության պատճառով չեմ կարող ներկայացնել միջնորդությունների բնույթը, բայց հավատացեք, օրինական միջնորդությունը թողել է առանց քննության կամ առհասարակ հրաժարվել է քննարկելուց և փորձել է կայացնել արագ դատական ակտ: Նիստերի դահլիճում գտնվելը կնաշանակեր, որ մենք այդ ապօրինությունը օրինականցնելու էինք և գործելու էինք ի վնաս մեր պաշտպանյալի և այդ պատճառով լքել ենք նիստերի դահլիճը»,-նշեց Դավիթ Համբարձումյանի փաստաբանը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա տեղակալին և ևս 3 անձի:
Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը և կարգադրել նրան անհապաղ ազատ արձակել, այնուհետև կրկին կալանավորել: