Հուլիսի 30-ին Ամուլսարի ծրագրի տարածքում և ծրագրի սահմաններից դուրս բռնկված հրդեհը մի քանի ժամվա ընթացքում հաջողվել է մարել՝ ԱԻՆ հրշեջների և նրանց հետ Ամուլսարի շինարարական տարածք մտած «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ջանքերով։
Այս մասին հայտնում է ընկերությունը:
Հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են, և հաշվարկված չէ հնարավոր վնասի չափը։
Հիշեցնենք, որ երեկ 16:00-ին հրդեհ էր բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և տարածվել էր Ամուլսարի շինհրապարակ:
Արդեն մեկ ամսից ավելի ապօրինի փակ ճանապարհների պատճառով տարածքում չեն եղել Լիդիանի աշխատակիցներ:
Հրդեհը ժամանակին չհայտնաբերելու և չկանխարգելելու պատճառով այն բավականին տարածվել էր և կարող էր դառնալ լուրջ բնապահպանական աղետ՝ շրջակա միջավայրի կենսաբազմազանության ոչնչացման առումով։
Հրդեհի բռնկումից մի քանի ժամ անց միայն ԱԻՆ աշխատակիցների հետ տարածքի ապօրինի շրջափակումը շրջանցած Լիդիանի աշխատակիցների և ԱԻՆ համատեղ ջանքերով, օգտագործելով Լիդիանի համապատասխան տեխնիկան, հնարավոր եղավ մարել հրդեհը։ Այդ ընթացքում կրակն արդեն դուրս էր եկել ծրագրի սահմաններից և արագությամբ տարածվում էր՝ մեծ մասշտաբներ ընդունելով։
«Լիդիան Արմենիան» հայտնում է, որ հանքավայրի տարածքում կատարված է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումային աշխատանք՝ շինարարություն, 80%-ից ավելի կառուցված է ոսկու կորզման ֆաբրիկան, տարրալվացման հարթակը և մի շարք այլ կարևոր ենթակառուցվածքներ, որոնց մերձակայքում տարածվում էր հրդեհը։
Հրդեհի ծագման պատճառները հայտնի չեն: Հիշեցնենք, որ Լիդիանը բազմիցս զգուշացրել էր պատկան մարմիններին, որ փակ ճանապարհների պատճառով չի վերահսկում իրավիճակը տարածքում և տարածքում հնարավոր են տարբեր կարգի արտակարգ իրավիճակներ: «Լիդիան Արմենիան» մեկ անգամ ևս պնդում է․ անհրաժեշտ է վերականգնել օրենքի գերակայությունը և «Լիդիան Արմենիային» անմիջապես հնարավորություն տալ վերահսկողություն իրականացնել իր իսկ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ։
Տեսանյութը՝ Lydian Armenia CJSC-ի