ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից հանցագործության մասին վերացական հաղորդումները չեն կարող գնահատվել և ստուգվել որպես քրեական գործ հարուցելու օրինական առիթներ:
«Բացառություն են կազմում էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցների այն հաղորդումները, որոնք սոցիալական ցանցերում շրջանառվում են որպես հանցագործության մասին հաղորդումներ, և դրանց բովանդակությանը բնորոշ է կոնկրետությունն ու առերևույթ հանցագործության հատկանիշների նկարագրությունը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ստուգվում են էլեկտրոնային լրատվամիջոցների այն բոլոր հաղորդումները, որոնցով հնարավոր է նույնականացնել հանցագործության դեպքը կամ հանցագործություն կատարող ենթադրյալ անձանց կամ հանցագործության վայրը, ժամանակը, եղանակը:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել այն անձինք, ովքեր, հանցագործության մասին սուտ մատնություն կատարելով, հաղորդումները հասցեագրում են իրավապահ մարմիններին: