Քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, քաղաքացուն առևանգելու փաստի առթիվ։
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացու կողմից հաղորդում և բացատրություն է ստացվել այն մասին, որ 2017թ. օգոստոսի կեսերին, Ն. Սարգսյանի անվտանգության պետ Ա. Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են իրեն, տեղափոխել Ն. Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ իր կամքին հակառակ պահելով՝ ենթարկել են ծեծի:
Ըստ հաղորդման՝ նշված նկուղում ներկա է գտնվել Ն. Սարգսյանը, ով ատրճանակով սպառնալիքներ է տվել իրեն, ապա գազայրիչով վառել է իր մարմնի տարբեր մասերը՝ պահանջելով գիշերային ակումբ աշխատեցնելու բիզնեսով չզբաղվել, այդ նպատակով չվարձակալել Երևան քաղաքում գտնվող «Օպերա» ակումբը և այնտեղ չծավալել ձեռնարկատիրական գործունեություն:
Այնուհետև վերը նշված անձինք քաղաքացուն տեղափոխել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սկանյա» բեռնատար մեքենաների սպասարկման սրահի վարչական շենք, 2-3 ժամ ապօրինի պահել այնտեղ, ապա Ն. Սարգսյանը մի քանի այլ անձանց հետ կրկին ծեծի է ենթարկել քաղաքացուն, ապա պահանջել է հեռախոսով բարձրախոսով «Օպերա» ակումբի սեփականատիրոջը հայտնել, որ հրաժարվում է այդ ակումբում գործունեություն ծավալելուց: Ն. Սարգսյանի պահանջը կատարելուց հետո քաղաքացուն ազատ են արձակել:
Նկատի ունենալով, որ վերը նկարագրված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: