Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ կառավարության կարծիքով էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո և կառավարությունը պետք է առաջիկայում շատ արագ որոշում կայացնի բարձրավոլտ էլցանցների հետագա կառավարման մեթոդի մասին։
«Ես կարծում եմ, որ մենք այս փուլում պետք է վերջնական հայտարարություններ չանենք ընկերության կարգավիճակի մասին, մենք կարող ենք մի բան ասել՝ դա պետական կառավարման է մնում, թե՝ այնուամենայնիվ ինչ-որ մասնավոր կառավարման է հանձնվում։ Մենք այսօր մի բան կարող ենք շատ հստակ հայտարարել՝ պետք է բացառենք, որ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որևէ անհատ կամ ընկերություն, բացառենք, որ որևէ օֆշորային ընկերություն կարող է ներգրավված լինել այդտեղ, բաց, թափանցիկ հրապարակային մրցույթում պետք է այդ ամեն ինչն արվի։ Երկու նախապայման կա՝ օֆշոր չի լինելու և իշխանության հետ կապ ունեցող որևէ մարդ և ընկերություն չի լինելու դրա կառավարողը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Իսկ թե ինչպիսի՞ն պետք է լինի կառավարումը՝ պետական թե մասնավոր, վարչապետի խոսքով, դա առանձին քննարկման հարց է և պետք է հաշվի առնել պետական պարտքի սահմանային վիճակը։ «Կառավարության ներկայացուցիչներն այստեղ իրենց հայտարարություններում պետք է ճկուն լինեն և վերջնական որոշման տպավորություն ստեղծող հայտարարություններ չանեն, մանավանդ, որ այդպիսի որոշում չկա»,-նշեց վարչապետը։