Իրավական ակտերի հրապարակմնա միասնական կայքում քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծ է ավելացվել:
Այսպիսով, նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազն իրավասու կդառնա նաև` որոշում կայացնել կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ արգելելու և արգելելը վերացնելու վերաբերյալ:
Քննիչը, մասնավորապես, լիազորված կդառանա միջնորդություն ներկայացնել դատախազին կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ արգելելու վերաբերյալ և անհրաժեշտությունը վերանալու դեպքում վերացնել կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ արգելելը:
Մեղադրյալը, սույն օրենքի նախագծով, սահմանված կարգով, իրավունք ունի` կալանքի տակ գտնվելու ընթացքում տեսակցել իր օրինական ներկայացուցչի, ինչպես նաև մերձավոր ազգականի հետ՝ բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Քրեական դատավարության օրենսգիրքը կլրացվի նաև 2 նոր հոդվածով:
«Հոդված 153.1. Կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ արգելելը
1. Բացառիկ դեպքերում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում մերձավոր ազգականի հետ մեղադրյալի տեսակցությունը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը կամ նպաստել հանցավոր գործունեությամբ զբաղվելուն, դատախազը կարող է քննիչի պատճառաբանված միջնորդության հիման վրա որոշում կայացնել` կալանավորված անձի տեսակցությունը քննիչի միջնորդության մեջ նշված մերձավոր ազգականի հետ արգելելու մասին՝ մինչև երկու ամիս ժամկետով:
2. Դատական քննության փուլում կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ արգելելու ձևով դատավարական հարկադրանքի միջոցի կիրառման հարցը որոշում է դատարանը:
3. Սույն հոդվածում նշված դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու մասին միջնորդությունը պետք է պարունակի տվյալներ կալանավորված անձի այն մերձավոր ազգականի մասին, ում հետ տեսակցությունն առաջարկվում է արգելել:
4. Դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու մասին դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում, որի պատճենն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում ուղարկում է կալանավորված անձին, նրա պաշտպանին՝ քրեական գործով վարույթին մասնակցության դեպքում, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
5. Եթե հնգօրյա ժամկետում դատախազը քննիչի միջնորդության կապակցությամբ որևէ որոշում չի կայացնում, ապա միջնորդությունը համարվում է մերժված:
Հոդված 153.2. Կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ արգելելու ձևով դատավարական հարկադրանքի միջոցը վերանայելու կամ վերացնելու պարտականությունը
1. Կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ արգելելու ձևով դատավարական հարկադրանքի միջոցի ժամկետի երկարացման անհրաժեշտության դեպքում դատախազը սույն օրենսգրքի 153.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց տասն օր առաջ քննիչի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ պետք է վերանայի նշված հարկադրանքի միջոցի ժամկետի երկարացման անհրաժեշտության և իրավաչափության հարցերը` այդ մասին կայացնելով պատճառաբանված որոշում:
2. Այն դեպքում, երբ վերանում է կալանավորված անձի տեսակցությունը մերձավոր ազգականի հետ արգելելու անհրաժեշտությունը, դատախազը կամ քննիչը պարտավոր են իրենց որոշմամբ վերացնել այն: Դատավարական հարկադրանքի միջոցը վերացնող մարմինն անհապաղ կալանավորված անձին, նրա պաշտպանին՝ քրեական գործով վարույթին մասնակցության դեպքում, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին է ուղարկում իր համապատասխան որոշման պատճենը»:
Եվգենյա Համբարձումյան