Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր՝ մայիսի 24-ին, քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորների Քհկ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Գյումրու, Վանաձորի, Գավառի, Կապանի, Երևանի և մի շարք այլ համայնքների ղեկավարների հետ։
Երևանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ինկուբատորների 22 հոգուց բաղկացած խումբը հանդիպեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության և իրավաբանական վարչության պետի տեղակալը։
Ծրագրի մենթորների խմբի համակարգող, արդարադատության ոլորտի մենթոր Մարատ Ատովմյանը ներկայացրեց ծրագիրը և ակնկալվող համագործակցության տարբերակները։ «Նպատակն է՝ ծավալել համագործակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական մարմինների և պետական կառավարման մարմինների հետ, որպեսզի այդ կառուցողական երկխոսության ժամանակ ոչ միայն վեր հանվեն տարբեր խնդիրներ, այլև լուծումներ որոնվեն, գտնվեն և իրականացվեն համատեղ»,- նշեց Մարատ Ատովմյանը։
Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն իր խոսքում նշեց, որ ողջունում են ծրագիրը, դրա առաքելությունը․ «Քաղաքապետի անունից կարող եմ ասել, որ որպես տեղական ինքնակառավարման մարմին, իհարկե շահագրգիռ, իրավասու, հանձնառու ՏԻՄ կողմ է նման երկխոսության գնալու։ Ե՛վ հանրային կառավարումը, և՛ տեղական ինքնակառավարումը, որտեղ սահամանադրորեն հստակ սեփական պատասխանատվությամբ համայնքի խնդիրների լուծման լիազորությամբ և պատասխանատվությամբ է օժտված, ՏԻՄ-ի երկխոսության համագործակցությանը հասարակությանը մասնակից դարձնելու տեսանկյունից, միանշանակ, աշխարհում ընդունված քաղաքակիրթ ճանապարհն է»,-ասաց Կամո Արեյանը։ Նա նշեց նաև, որ եթե քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ծրագրեր ներկայացնեն, որոնք կգործեն ի շահ քաղաքի բարօրության, քաղաքապետարանը պատրաստ է քննարկել դրանք։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները նաև հայտնեցին իրենց մտահոգություններն ու առաջարկությունների մասին։
«Թուխ Մանուկ» կրթական, իրավապաշտպան ՀԿ-ի նեկայացուցիչ Մարիամ Չախոյանը հարց բարձրացրեց այն մասին, թե քաղաքապետարանն այժմ աղբի թափոնների վերամշակման և նվազեցման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են տարվում։ Ի պատասխան հարցի՝ Կամո Արեյանը նշեց, որ արդեն մեկնարկը տրվել է ժամանակակից ենթակառուցվածքներով քաղաքային աղբավայր ունենալու համար։ «Այն տեսարանը, ինչը հիմա մենք ունենք՝ չենք ունենա»,-ասաց քաղաքաքապետի առաջին տեղակալը։
«Էկոթիմ» էնէրգետիկայի և շրջակա միջավայրի ՀԿ-ի ներկայացուցիչ Արտաշես Սարգսյանը խոսեց քաղաքում հանրային շենքերում ալտերնատիվ էներգետիկայի տարբերակներ ստանալու մասին։ Կամո Արեյանը կարևորեց հարցադրումը և նշեց, որ քանի որ ՀԿ-ն այդ ոլորտում մասնագիտացված է՝ կքննարկեն նրանց կողմից ներկայացված առաջարկությունները։
Նելլի Գրիգորյանը, ով ներկայացնում էր «Քաղաքացիական նախաձեռնությունների հարթակ» ՀԿ-ն, առաջարկ ներկայացրեց համատիրությունների գործունեության վերաբերյալ․ «Ծարավ Աղբյուրի բազմաբնակարան համալիրներում համատիրությունների գործունեության բավականին հետաքրքիր ու օրինակելի փորձ կա։ Այնտեղ օնլայն համակարգ են մշակել, և բնակիչներն իրենց իրավունքները լավ գիտեն, և դուք էլ բավականին խնդիրներ կարող եք ձեզ համար հստակեցնել, եթե համատիրություններում մի փոքր փորձեք հետաքրքրվել»,-նշեց նա։ Քաղաքապետի առաջին տեղակալը խոսքով դա հազվագյուտ դեպք է․ «Այո, հիմա այդ թաղամասում ՏՏ ոլորտին տիրապետող մարդիկ են հավաքված և բոլոր հարցերը քննարկում, որոշում են կայացնում օնլայն տարբերակով, սա շատ գրագետ մոդել է, շատ խելացի են աշխատում այդ մարդիկ»,-ասաց Կամո Արեյանը։
Նշենք նաև, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ՔՀԿ ինկուբատորների մասնակից ՔՀԿ-ների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի հետ, իսկ Ճամբարակում՝` համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի հետ, Վարդենիկում` համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։ Շիրակի մարզում հանդիպումներ են եղել Գյումրիի փոխքաղաքապետի հետ, Ախուրյան և Ազատան համայնքների ղեկավարների, իսկ Արթիկում՝ քաղաքապետի հետ։ Լոռու մարզում ինկուբատորի մասնակից ՔՀԿ-ները հանդիպումներ են ունեցել Վանաձորի, Ալավերդու փոխքաղաքապետերի, Իջևանի քաղաքապետի հետ։ Սյունիքի մարզում ինկուբատորի մասնակից ՔՀԿ-ները հանդիպումներ են ունեցել Գորիսի, Կապանի, Սիսիանի ղեկավար կազմի հետ:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։