ՀՀ դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուին

Մայիսի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի որոշման նախագծի քննարկմանն ու ընդունմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի ընտրությանն ու առաջադրմանը:

Այս մասին հայտնում է Դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը։

Օրակարգում ընդգրկված հարցերը Ժողովի կողմից հաստատվել են միաձայն:

ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այլ դատավորի կողմից իր համաձայնությամբ Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածուի համար առաջադրվել էին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը և Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը:
Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու է ընտրվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ սահմանված ժամկետում Սահմանադրությամբ և օրենքով սահմանված պահանջների ապահովումը հավաստող բոլոր փաստաթղթերը տրամադրվել են Ազգային ժողովի նախագահին:

Հավելենք նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի միջամտում Դատավորների ընդհանուր ժողովի աշխատանքներին, քանզի այն դատավորների ինքնակառավարման մարմին է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել