ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 10-ին ստորագրած հրամանագրի համաձայն պաշտոնից ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը։
Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։
Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երևանում:
Կրթություն
2002թ. գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով:
2005թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):
Աշխատանք
2002-2010թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում:
2005-2006թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության համակարգում:
2006-2007թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:
2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:
2011-2016թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնականի պաշտոնը:
2011-2014թթ. եղել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:
2016թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2016թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. ապրիլի 17-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Արդարադատության առաջին դասի խորհրդական է:
Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:
Ամուսնացած է, ունի մեկ որդի: