Մենք Էմիլ Բաբայանի հետ 2006 թվականից սկսած աշխատել ենք գիշեր-ցերեկ. Գևորգ Կոստանյան

Ինչպես հայտնել ենք այս պահին Ազգային ժողովը քննարկում է Էմիլ Բաբայանին սահմանադրական դատարանի դատավոր նշանակելու հարցը: Նրա թեկնածությունը առաջադրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց նրա թեկնածությունը խորհրդարանում ներկայացնող Գևորգ Կոստանյանին, թե ինչ չափանիշներով է նախագահը նրան ընտրել որպես թեկնածու, այլ թեկնածուներ եղել են, թե ոչ և ինչու հենց Կոստնայանը ներկայացնում նրա թեկնածությունը:

Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Նախ, որ Դուք էդ հարցը տալիս եք, էդ հարցի պատասխանը Դուք գիտեք, դա սահմանադրական պահանջ է: Էս պաշտոնի համար նախագահը կարող է առաջադրել, դրանից առաջ, երբ մենք Հրայր Թովմասյանի թեկնածությունն էինք քննարկում, էդ պաշտոնի համար էլ ԱԺ նախագահն էր առաջադրող սուբյեկտը: Դուք ինքներդ լավ գիտեք, պարոն Զեյնալյան: Ո՞նց պատահեց, որ ես հանրապետության նախագահի կողմից նշանակվեցի որպես ՍԴ անդամի թեկնածություն ներկայացնող: Ես ասացի, որ նախագահը տեսավ, որ միակ մարդը, որ կարող է Էմիլ Բաբայանին բոլոր կողմերից ներկայացնի, էդ ես եմ: Մենք 2006 թվականից սկսած Էմիլ Բաբայանի հետ աշխատել ենք գիշեր-ցերեկ»:

Զեյնալյանը հստակեցրեց, որ իր հարցը ոչ թե այն մասին է, թե ինչու է նախագահը ներկայացրել թեկնածությունը, այլ թե ինչպիսի մասնագետներից ցանկից և ինչ եղանակով է որոշվել ներկայացնել էմիլ Բաբայանի թեկնածությունը: Ինչպես նաև հարց տվեց, թե արդյոք տեղյակ է, որ առնվազն 32 հասարակական կազմակերպություն ստորագրությամբ դիմում է մուտք արվել նախագահի գրասենյակ, որով կոչ է արվում հետ կանեչլ Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որպեսզի հրապարակային թափանցիկ կերպով ներկայացվի և ընտրվի թեկնածուն:

Ի պատասխան՝ Գևորգ Կոստանյանն ասաց, թե ծանոթ է այդ նամակին, որով պահանջում են միջազգային դատարանի դատավորի թեկնածու ընտրելու չափանիշներով ընտրել նրան, սակայն պետք է հաշվի առնել, որ այդ չափանիշները չեն կարող նույնը լինել սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ընտրելու դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել