ՀՀ մայրաքաղաք Երևանում և այլ բնակավայրերում բողոքի զանգվածային ցույցերի, բազմամարդ հանրահավաքների, շինությունների շրջափակման, ճանապարհների արգելափակման և ավտոերթերի արդյունքում առաջացած մարդկային ու ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումներն առանձին դեպքերում կարող են հանգեցնել արտակարգ պատահարների:
Սիրելի ժողովուրդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է ավտոճանապարհներին և մարդաշատ վայրերում պահպանել զգուշություն: Կոչ ենք անում հանրահավաքների և երթերի ընթացքում ցուցաբերել աչալրջություն՝ հաշվի առնելով, որ մարդկանց զանգվածային հավաքների և անկանոն տեղաշարժի հետևանքով առաջացող հրմշտոցը, խուճապը կարող են հանգեցնել մարմնական, այդ թվում՝ նաև կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների: Նման իրավիճակներում հատկապես խոցելի են կանայք, երեխաները և տարեցները:
Հավաքների և երթերի մասնակիցներին հորդորում ենք՝
- մանկահասակ երեխաների թողնել տանը.
- հետը չվերցնել կտրող-ծակող կամ ապակյա իրեր, ձեռքի պայուսակ և չկապել փողկապ.
- հետն ունենալ խմելու ջրի պաշար՝ ոչ ապակյա (պլաստիկ) շշով.
- մասնակիցներից որևէ մեկի ինքնազգացողությունը վատանալու դեպքում հնարավորինս արագ ազատել հարակից տարածքը՝ ապահովելու համար թթվածնի ազատ հոսքն ու բժիշկների մուտքը՝ օգնություն ցուցաբերելու համար
Հիշեցնում ենք, որ հանրահավաքների, ցույցերի և երթերի ընթացքում վտանգավոր է նաև տարատեսակ հրագործական՝ ճայթռուկների, հրավառությունների, ծխագլանակների, ջահերի և այլ միջոցների կիրառումը: Ուստի՝ հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգուշություն և հնարավորիս զերծ մնալ ցանկացած տիպի հրագործական միջոցների կիրառումից, հատկապես՝ մարդկային զանգվածի մեջ գտնվելիս, քանի որ դրանց կիրառումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, հատկապես, եթե մարդկանց հագին կա սինթետիկ, դյուրավառ հագուստ:
Հաշվի առնելով բազմամարդ հանրահավաքների ժամանակ կիրառվող լուսաձայնային մեծաքանակ տեխնիկայի առկայությունը՝ հանրահավաքների մասնակիցներին հորդորում ենք լուսաձայնային սարքավորումներից և էլեկտրական լարերից պահպանել անվտանգ հեռավորություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հիշեցնում է, որ ցանկացած իրավիճակում անվտանգության կանոնների պահպանումը և արտակարգ դեպքի ռիսկի կանխումը մարդկային կյանքերի փրկության ու առողջության պահպանման գրավականն է:
Հիշեցնում ենք, որ ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ շուրջօրյա, անվճար 911 կամ 112 հեռախոսահամարներով: