Ե՞րբ կարող է Ազգային ժողովի նիստը իրավազոր համարվել

Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Պատգամավորների գրանցումն իրականացվում է աշխատակարգով սահմանված կարգով, էլեկտրոնային համակարգով՝ Ազգային ժողովի հերթական նիստերի, արտահերթ նիստերի կամ արտահերթ նստաշրջանի յուրաքանչյուր օրվա առաջին նիստի, ինչպես նաև հատուկ նիստի սկզբում: Գրանցումից ուշացած պատգամավորի պահանջով նրան սահմանված կարգով գրանցում է աշխատակազմի ծառայողը:

Պատգամավորը գրանցվում է անձամբ: Գրանցումը համազոր է քվեարկությանը և գրանցմանը պատգամավորի մասնակցությունը հաշվառվում է քվեարկությունների թվում:

Եթե գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության՝

1) ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին.

2) չապահովման դեպքում հերթական նիստերի, արտահերթ նիստերի կամ արտահերթ նստաշրջանի տվյալ օրվա նիստերը, ինչպես նաև հատուկ նիստը համարվում են չկայացած:

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ ավարտվեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հանդիպումից հետո Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՀՀԿ-ականները ներկա կլինեն նիստին:

Նշենք, որ ՀՀԿ-ն խորհրդարանում մեծամասնություն է կազմում և ՀՀԿ-ական պատգամավորների բացակայության դեպքում ընտրություն տեղի ունենալ չի կարող:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել