ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2017թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ էր ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգիլ» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա:
Դեպքի վայրի զննությամբ Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ, հայտնաբերվել էր ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված, որի մեջ եղել է մոխրացած դիակ:
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել էր դիակի ինքնությունը, ով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վարդան Գրիգորյանն է, պայմանագրային զինծառայող՝ ծնված 1985թ. և բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ վերջինս դարձել է սպանության զոհ:
Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է սպանության շարժառիթը, մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է՝ ծնված 1980թ:
Նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի օգոստոսի 16-ին համագյուղացիները միասին մասնակցել հացկերույթի, որից հետո՝ ժամը 21:00-23:00-ի սահմաններում, Տավուշի մարզի 38-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վրեժի և խանդի շարժառիթներով, վիճաբանել է համագյուղացու հետ և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա դեմքի ու գլխի տարբեր հատվածներին: Այնուհետև անգիտակից վիճակում գտնվող տղամարդուն նա տեղափոխել է «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենայի մեջ և մեքենան վարել Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ուղղությամբ, որտեղ մեքենան գլորել է ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածի հարակից ձորակը՝ ցանկանալով վթարի նմանակում ստեղծել։ Ապա մոտեցել է ավտոմեքենային, ծխախոտի այրվող տուփը նետել ավտոմեքենայի սրահի մեջ և հրկիզել։ Քննության տվյալներով՝ ավտոմեքենան այրելու ժամանակ տուժողը դեռևս ողջ է եղել։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: