Ե՞րբ և ում կողմից է հայտարարվում արտակարգ դրություն

Այս տարվա ապրիլի 9-ին ուժի մեջ են մտել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները։

Արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է:

Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն ՀՀ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:

Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:

Արտակարգ դրություն հայտարարում է կառավարությունը, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում  ժողովրդին: Այդ մասին որոշումը, ինչպես նաև որոշման մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները անհապաղ հրապարակվում են հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվում են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունները և քարտուղարությունները միջազգային կազմակերպություններում:

1. Արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում են`

  • 1) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.
  • 2) արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.
  • 3) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ դրություն.
  • 4) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները, միջոցները և ուժերը.
  • 5) ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրավունքների և ազատությունների սահմանափակումների ծավալը` համաձայն սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջների.
  • 6) արտակարգ դրության ժամանակահատվածում սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն ստեղծված պետական հատուկ մարմինները և նրանց իրավասության շրջանակը.
  • 7) արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.
  • 8) արտակարգ դրության ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը և դրա գործողության ժամկետները:

Հայաստանի ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի կասեցնելու գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների իրավական ակտերը:

ՀՀ սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն արտակարգ դրությունը

  1. Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:
  2. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
  3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:
  4. Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Իսկ 76-րդ հոդվածով սահմանվում է արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ հիմնական իրավուքնների և ազատությունների սահմանափակումները։

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում,  41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի  1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել