Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի՝
- Մի քանի պատասխանողների դեմ հայցը հայցվորի ընտրությամբ կարող է ներկայացվել պատասխանողներից որևէ մեկի հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում` բնակության վայրի առաջին ատյանի դատարան:
- Պատասխանողի դեմ, որը չունի հաշվառման վայր, և որի վերջին բնակության վայրն անհայտ է, հայց կարող է ներկայացվել նրա գույքի գտնվելու վայրի դատարան:
- Կատարման վայրի վերաբերյալ ուղղակի նշում պարունակող պայմանագրից բխող հայցը կարող է ներկայացվել պայմանագրի կատարման վայրի առաջին ատյանի դատարան:
- Ալիմենտ բռնագանձելու կամ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան:
- Առողջությանը, պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին կամ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման (գտնվելու) վայրի առաջին ատյանի դատարան կամ վնասը պատճառելու վայրի դատարան:
- Անշարժ գույքին պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել վնասը պատճառելու վայրի առաջին ատյանի դատարան:
- Ամուսնալուծության վերաբերյալ հայցը կարող է ներկայացվել հայցվորի հաշվառման կամ բնակության վայրի առաջին ատյանի դատարան, եթե պատասխանողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, գտնվում է կալանքի տակ կամ դատապարտված է ազատազրկման հետ կապված պատժի, ինչպես նաև այն դեպքերում, երբ անչափահաս երեխան գտնվում է հայցվորի մոտ:
- Իրավաբանական անձի դեմ հայցը, որը բխում է նրա ներկայացուցչության կամ մասնաճյուղի գործունեությունից, կարող է ներկայացվել համապատասխան ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:
- Շարժական գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը հայցվորի ընտրությամբ կարող է ներկայացվել նրա հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրի կամ նրա գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: